Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության (ԱԱՃԿ) ներկայացուցիչները մարզեր կատարած հերթական այցի ընթացքում հարձակման են ենթարկվել, և նրանց մեքենայի ուղղությամբ հավկիթներ են նետել, հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը։
Տեղեկության համաձայն՝ ԱԱՃԿ փոխնախագահ Գյոզալ Բայրամլին և կուսակցության Կանանց խորհրդի անդամ Նուշաբա Ատակիշիևան ուղևորվել են Գաբալա՝ կուսակցության տեղի ակտիվիստների հետ հանդիպման։ Սակայն քաղաքում նրանց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և պահանջել հեռանալ։
Կուսակցության անդամները որոշում են կայացրել վերադառնալ մայրաքաղաք Բաքու` սադրանքից խուսափելու համար։ Մեքենան նստելուց հետո մի քանի երիտասարդներ նրանց վրա հավկիթներ են նետել։ Պատվիրակության անդամները ենթադրում են, որ նրանք իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական թևից են։
Tags: Ադրբեջանի ընտրություններ
