Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը այս տարի նշում է հուլիսի 7-ին: Այն հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջև:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, օրը առավել բովանդակալից և հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված են տոնական տարաբնույթ միջոցառումներ:
Վաղ առավոտից տոնականորեն զարդարված ջրցան մեքենաները լվացվել են երևանյան գլխավոր ու երկրորդական փողոցները: Մայրաքաղաքի փոքր կենտրոնում նաև շրցան մեքենաների շքերթ է կազմակերպվել, որից հետո մեքենաները, օրվան անհամբեր սպասող երեխաներին և, ինչու չէ, նաև մեծերին ջրով ապահովելու համար՝ ուղևորվել են դեպի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների հրապարակներ, այգիներ ու մարդաշատ այլ վայրեր, նաև բակային տարածքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
