Մոսկվա կինոթատրոնում Անտոնի Կրաուզեի ՛՛Սև հինգշաբթի՛՛ ֆիլմի արտամրցութային ցուցադրումով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը:
Ֆիլմի հեղինակը Հայաստան չի ժամանել. նոր ֆիլմի վրա է աշխատում: Նրա ստեղծագործությունը ներկայացրեց Քշիշտոֆ Զանուսին, ով Կրաուզեին ներկայացրեց որպես իր ուսանող և գործընկեր, ով պատմական անցքերը կարողացել է մեծ վարպետությամբ էկրանավորել:
Ոսկե ծիրանը համագործակցում է տարբեր դեսպանությունների, այդ թվում և Լեհաստանի դեսպանատան հետ`այդ երկրների ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու համար:Կինոփառատոնում ներկայացված են մի քանի լեհական ֆիլմեր`մեկը պայքարում է գլխավոր մրցանակի համար, երկուսը`միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում են ներկայացված:
Այսօր ներկայացված ֆիլմը 1970-ի դեկտեմբերի 17-ում Գդինիայում տեղի ունեցած դեպքերի վերապատմումն է` իրական պատմությունների էկրանավորման և պատմական կադրերի զուգակցմամբ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են սոցիալիստական Լեհաստանի իշխանությունները բանակին հանում բանվորների դեմ, որոնք ընդամենը խաղաղ գործադուլ էին անում`պահանջելով թանկացումներին համապատասխան աշխատավարձերի բարձրացում: Երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ ավելի նախընտրալեի է նավաշինարանը ռմբակոծելը և տեղը նորը կառուցելը, քան թե բողոքավորների պահանջները քննարկելը կամ բավարարելը: Իշխանությունները հայտարարում են, որ բողոքի ակցիաները քաղաքական ենթատեքստ ունեն`անտեսելով տնտեսականը:
Գործադուլի կազմակերպիչներին ձերբակալելուց հետո փոխվարչապետը բնակչությանը կոչ է անում աշխատանքի վերադառնալ: Սակայն վաղ առավոտյան աշխատանքի շտապող բանվորներին դիմավորում են տանկերով ու ավտոմատներով զինված բանակայինները`կրակ բացելով նրանց վրա: Զոհվում է 18 մարդ, վիրավորվում են հարյուրավորները:
Պատմական իրադարձությունները ներկայացվում են նավաշինարանի աշխատակից, բանվոր Բրունո Դրիվայի ընտանիքի պատմության միջոցով: Վերջինս փոխվարչապետի կոչով աշխատանքի վերադարձած մարդկանցից է, ով սպանվում է արձակված գնդակից: Նրան, ինչպես և մյուս սպանվածներին, հուղարկավորում են գաղտնի`գիշերով, առանց վկաների: Իսկ ընտանիքին փորձում են մյուս սպանվածների ընտանիքների հետ հեռացնել քաղաքից, որպեսզի այլոց ոչինչ չհիշեցնի կատարվածի մասին:
Tags: մշակույթ, ոսկե ծիրան

