Ոսկե Ծիրանի և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ համագործակցության ծրագրի մասին այսօր Արմատ մամուլի ակումբում խոսեցին Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Երիտասարդություն ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, և Ոսկե Ծիրան կինոփառատոնի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը: Բանախոսները ներկայացրեցին այս տարվա Տոլմայի փառատոնի մասնակիցներին, ներկայացվելիք տոլմաների տեսականին, համերգային ծրագիրը և այլ հետաքրքիր մանրամասներ:
Բանախոսները հայտնեցին, որ արդեն երրորդ տարին է, ինչ Սարդարապատում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն կազմակերպած Տոլմայի փառատոնի օրը «Ոսկե ծիրանի» մասնակիցները այցելում են Սարդարապատ:
Վարդան Հակոբյանը հայտնեց, որ ավելի մեծ երկրների կինոփառատոնները կարիք չունեն հյուրերին գրավել ուտեստներով, բայց փոքր երկրներում դա «ընդունված խորամանկություն է»՝ գրավել հյուրերին նաև հյուրասիրությամբ։ Օտարերկրյա հյուրերին մրցույթից փոքր-ինչ կտրելը և մեր հայկական ավանդույթներին ծանոթացնելը կարևոր է նաև այն պատճառով, որ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, տպավորվում են այն ամենով, ինչ տեսնում են։
Սեդրակ Մամուլյանն էլ իր հերթին փաստեց, որ այն, ինչ կատարվում է Սարդարապատում, միայն ուտեստների ցուցադրություն չէ, այլ միջոցառումների շղթա, երբ մարդիկ ծանոթանում են ինչպես Սարդարապատի հուշահամալիրին և թանգարանին, այնպես էլ ազգային խոհարարական ավանդույթներին.
«Անցյալ տարի 60-ից ավելի տոլմա էր ներկայացվել, այս տարի ևս կան նորամուծություններ, և մի հետաքրքիր գաղափար ունենք՝ կազմակերպել խաղարկային միջոցառում և ցուցադրել ամենաերկար փաթաթված տոլման»:
