Այսօր Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմով կմեկնարկի «Ռուսական ֆիլմերի օրեր» ծրագիրը: Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որոնք պատահել են Մոսկվայի ամենաշքեղ ռեստորաններից մեկում: Սյուժետային դրվագները կապակցվում են գեր և նիհար մատուցողների պատմությամբ: Նրանք երկուսն էլ անհուսորեն սիրահարված են. մեկը` իր, մյուսը` ուրիշի կնոջը:
Նախագծի շրջանակներում կցուցադրվեն ևս հինգ ֆիլմեր` ստեղծված 2012-2013-ին: Մասնավորապես`կցուցադրվեն «Դաշտային մարիների երկնային կանայք» (ռեժ. Ալեքսանդր Ֆեդորչենկո), «Կողքիդ կլինեմ» (ռեժ. Պավել Ռումինով), «Ինտիմ մասեր» (ռեժ. Նատաշա Մերկուլովա, Ալեկսեյ Չուպով), «Արքայադստեր պատերազմը» (ռեժ. Վլադիմիր Ալենիկով), «Մայորը» (ռեժ. Յուրի Բիկով) ֆիլմերը:
Վլադիմիր Ալենիկովի «Արքայադստեր պատերազմը» ֆիլմը պատմում է ռուս աղջկա և հայ տղայի սիրո մասին, որոնք, սակայն, հակամարտող խմբավորումների անդամներ են: Միմյանց դեմ հակամարտող հրոսակախմբերից մեկում ռուս պատանիներ են ներգրավված, մյուսում նախկին ԽՍՀՄ հարավային երկրներից եկած փախստականներ: Արքայադուստր մականունով ռուս աղջիկը և ազգությամբ հայ Կարենը ստիպված են պայքարել իրենց սիրո և իրավունքների համար մի միջավայրում, որը լի է ատելությամբ, դաժանությամբ և կրոնական ու էթնիկական անհանդուրժողականությամբ:
«Ազգամիջյան հակամարտությունները և քսենոֆոբիան այսօր գոյություն ունեն, դա իրողություն է: Դրանից նախ և առաջ տուժում են երեխաները: Սա ֆիլմ է երեխաների մասին մեծահասակների համար,- ասում է Ալենիկովը:-Հույս ունեմ, որ հանդիսատեսի լայն շրջանակներին հասնելու դեպքում այն դրական առումով կփոխի մթնոլորտը, որում մեր երեխաներն են ապրում»:
Հարցին, թե ինչու է ֆիլմի հերոսին հենց հայ ընտրել, ոչ թե օրինակ, վրացի, տաջիկ կամ ուզբեկ, Ալենիկովը պատասխանում է, որ հայ Ռոմեոյի և ռուս Ջուլիետայի ընտրությունը պատահական չէ. ֆիմլի նկարահանումներին նախապատրաստվելիս ՆԳՆ-ից 4 մեծ թղթապանակ է հավաքել նմանատիպ պատմություններով, որոնց մեծ մասը գաղտնի է, չի հրապարակայնացվել:
«Հայերը և ռուսները միշտ կապված են եղել և հանկարծ ինչ-որ դատարկ տեղից ատելություն է ծագում: Ցավալի է»,-ասում է Ալենիկովը:
«Արքայադստեր պատերազմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան` Մոսկվա կինոթատրոնում:
Հուլիսի 12-ին կցուցադրվի «Ինտիմ մասեր» ֆիլմը: Այն միջին խավի մոսկվացիների մասին հեգնական մելոդրամա է: Նրանցից յուրաքանչյուրն ունի մյուսներից թաքուն անձնական գաղտնիք` «ինտիմ մասերը»: Գլխավեր կերպարը` սկանդալային լուսանկարիչ Իվանը իրեն նայում է մյուսների հետ համեմատության մեջ: Նա համոզված է, որ մարդիկ երջանիկ լինելու համար են ծնվել, իսկ երջանկությունը ինքն իրեն հավատարիմ մնալու ազատությունն է: Սակայն իրական հարցը հետևյալն է. ինչքա՞ն անվտանգ է քո սեփական «ես»-ը դուրս հանելը:
Ինչպես ֆիլմի ռեժիսոր Նատալյա Մերկուլովան ասում է, մեծ քաղաքի բնակիչների հոգեկան խնդիրների մասին պատմում են էրոտիկ ֆոնի վրա: Նրա խոսքով` Եվրոպայում ֆիլմը այնքան մեծ արձագանք չի ունեցել, ինչպես Ռուսաստանում և հետխորհրդային մյուս երկրներում: Պատճառն այն է, որ Եվրոպայում այդ խնդիրների մասին վաղուց են խոսում, հետխորհրդային երկրներում դեռ նոր են սկսում և թեման այստեղ արդիական է:
Հուլիսի 10-ին հանդիսատեսը կկարողանա դիտել Յուրի Բիկովի «Մայորը» ֆիլմը: Այն պատմում է ոստիկանության սպայի մասին: Նա հիվանդանոց է գնում կնոջը տեսակցելու, որտեղ լույս աշխարհ է գալիս իրենց երեխան: Երջանկությունից իրեն կորցրած` Սոբոլևը վարում է մեքենան չափից արագ, որի արդյունքում վրաերթի է ենթարկում մի տղայի: Տղան մահանում է, և մայորը ունի երկու ելք. գնալ բանտ, կամ թաքցնելով հանցանքը մնալ ազատության մեջ …
Պավել Ռումինովի «Կողքիդ կլինեմ» ֆիլմը մի ռուս կնոջ մասին է, որը աշխատում է մոսկովյան մի ռեստորանում, վայելում է աշխատակիցների սերն ու հարգանքը: Իր կյանքում նա նաև ունի հատուկ մեկին` իր վեցամյա տղային` Միտիային: Փոքրիկ տղան նրա համար աշխարհի կենտրոնն է, նրա լավագույն ընկերը և մտերիմը: Նրաք ունեն հուզիչ, բարի, հոգատար և փոխադարձ աջակցությամբ լի հարաբերություններ: Հանկարծ Իննան ահավոր լուր է ստանում. անբուժելի հիվանդություն ունի: Հիմա ամենակարևոր բանը Միտիայի համար ապահով տեղ գտնելն է: Նրա` բարկությամբ, թուլությամբ և սառսափով խառնված ճանապարհորդությունը կտանի անսպասելի դեպքերի, որոնք կբացահայտեն նրա ուժը, ինքնատիրապետումը, և ամենավերջում` հույսը:
«Դաշտային մարիների երկնային կանայք» ֆիլմն էլ դիմանկարների հավաքածու է` ներկայացնում է Մարի կանանց մասին 23 կարճ պատմություն: Այն կցուցադրվի հուլիսի 11-ին:
Tags: մշակույթ, ոսկե ծիրան
