Ադրբեջանում Ազգային խորհուրդը պահանջում է հետաքննություն սկսել Ալիևի նկատմամբ

3 (1)Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Ազգային խորհուրդը դիմել է Միլի Մեջլիսին (խորհրդարան), Սահմանադրական դատարանին, ԿԸՀ-ին, Գերագույն դատարանին և գլխավոր դատախազին՝ պահանջելով հետաքննել երկրի նախագահ Իլհամ Ալիևի գործունեությունը: Դիմումում նշվում է, որ արևմտյան լրատվամիջոցներում Ալիևի անունը վաղուց է շրջանառում՝ կապված կոռուպցիոն սկանդալների հետ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, խոսքը, մասնավորապես, նրա կողմից Դուբայում 75 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերելու մասին է: Այդ մասին 2011թ գրել է “Washington Post” պարբերականը`ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 228 հազար դոլար:
Դիմումում հիշատակվում է նաև Ադրբեջանի իշխանական կառույցներում տիրող կոռուպցիոն վիճակի մասին CNBC հեռուստաալիքի ռեպորտաժը, որը դիտել է ավելի քան 1 միլիարդ մարդ:
“Հաշվի առնելով այդ ամենը` Ազգային խորհուրդը կոչ է անում համապատասխան մարմիններին հետաքննություն սկսել Ալիևի գործունեության նկատմամբ, ինչպես նաև հեռացնել նրան իշխանությունից”,-ասվում է դիմումում:
Դիմումի պատճեններն ուղարկվել են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵՄ-ին, ԱՊՀ-ին, ինչպես նաեւ ԱՄՆ, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարներին:

 

Tags: