ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը քննադատել է Ադրբեջանին

1Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ դեսպան Յան Քելին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել ԵԱՀԿ առջև մարդու իրավունքների ոլորտում ստանձնած իր պարտավորությունները: Այս մասին նա հայտարարել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Կորայ Տարղայի կողմից տարեկան հաշվետվությունը ներկայացնելուց հետո, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ”կայքը:

Քելին իր ելույթում նշել է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ինստիտուտները, քաղաքական կուսակցությունները, մեդիայի ոլորտի ներկայացուցիչները և իրավապաշտպանները ենթարկվում են Ադրբեջանի իշխանությունների ճնշումներին:
“Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին կատարել իր պարտավորությունները ազատ հավաքների, միավորումների և արտահայտման ապահովման ոլորտում”, -ասել է Քելին:
Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում Ազատ խոսքի համալսարանի փակման, NİDA երիտասարդական շարժման ակտիվիստների, “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման ղեկավար Իլգար Մամեդովի ձերբակալման փաստի առնչությամբ:
Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նաև 2013թ. աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին անսահմանփակ թվով ԵԱՀԿ դիտորդներ հրավիրել:

 

Tags: