Այսօր “Ոսկե ծիրան” հոբելյանական 10-րդ կինոփառատոնի շրջանակներում Գյումրիում մեկներկեց “ԱՊՀ երկրների կինոն Գյումրիում” ծրագիրը: Որը կյանքի է կոչվել ԱՊՀ երկրների միջպետական համագործակցության շնորհիվ և անցկացվում է Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի ներքո:
Այսօր Գյումրիում էին ԱՊՀ մի շարք երկրների կինոռեժիսորներ և 5 օր շարունակ հայրաքաղաքում ցուցադրվելու է 16 ֆիլմ, թևածելու է բարձր տրամադրությունն ու արվեստի ոգին:
Ծրագիրը բացվեց վերջին տարիների ռուսական կինոյի աչքի ընկնող ներկայացուցիչներից Բորիս Խլեբնիկովի “Երկար, երջանիկ կյանք” ֆիլմի ցուցադրմամբ, իսկ Գյումրիի “Հոկտեմբեր” կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականով:
“Գյումրիում կցուցադրվի նաև “Միմինո” ֆիլմը, որն այս տարի նշում է իր էկրան բարձրանալու 35-ամյակը և լրացուցիչ խորհուրդ ունի. այն մեզ հարազատ է գյումրեցի Մհեր Մկրտչյանի դերակատարմամբ, որը վաղուց դարձել է մեր ազգային խորհրդանիշներից մեկը”, – իրենց ելույթներում նշեցին “Ոսկե ծիրան” կինոփառատոնի ներկայացուցիչները:
Հուլիսի 9-13-ը Գյումրին կդառնա կինոմայրաքաղաք, կցուցադրվեն երիտասարդ և արդեն կայացած ռեժիսորների գործերը, իսկ ծրագրի փակումը, ինչպես արդեն նշվեց, կտրվի “Միմինո” ֆիլմի ցուցադրմամբ` հուլիսի 13-ին: Բոլոր դիտումներին մուտքը կինոթատրոն անվճար է, յուրաքանչյուր օր Գյումրիում մեծ էկրան կբարձրանա երկու ֆիլմ:
Հավելենք, որ նման լեցուն դահլիճ “Հոկտեմբեր” կինոթատրոնը վաղուց չէր տեսել:
