”Այդ ես չեմ՛՛. պատանի աղջկա ինքնության փնտրտուքները

DSCN8435՛՛Այդ ես չեմ՛՛. այսպես է կոչվում Մարիա Սահակյանի ֆիլմը, որ ներկայացված է Ոսկե ծիրան 10-րդ միջազգային կինոփառատոնի ՛՛Միջազգային խաղարկային մրցույթ՛՛ և ՛՛ Հայկական համայնապատկեր՛՛ անվանակարգերում:

Ֆիլմը 14-ամյա Եվրիդիկեյի ներաշխարհն է ներկայացնում. ինքնության փնտրտուքներ, պատանեկան ապրումներ: Վերջինս հեռախոսի տեսախցիկով նկարում է ամեն տեսածը, հրապարակում իր բլոգում, ինքնասպանների միության անդամ է, լավագույն ընկերն էլ մի մեծ  խխունջ է: Նա ու մայրը միմյանց չեն հասկանում, աղջիկն ամեն կերպ փորձում է գտնել հորը, ինչպես նաև փոխել իր անունը, որից խուսափում է: Ֆիլմը դիտողի մոտ շատ հարցականներ է թողնում, ավարտն էլ հարցականով է. այդպես էլ հասկանալի չի լինում, թե արդյոք աղջնակը գտավ իրեն, ինչ եղավ նրա հետ, անհայտ է մնում նաև աղջկա  նոր ընկերոջ ճակատագիրը, որը նաև նրա մոր նախկին սիրեկանն է: Փոխարենը ֆիլմը նկարահանված է Ալավերդիում ու հարուստ է գեղեցիկ կադրերով, բնապատկերներով:

Ֆիլմի ռեժիսոր Մարիա Սահակյանը ֆիլմի անվան ընտրությունը պայմանավորում է նրանով, որ  գլխավոր հերոսուհին ինքնության փնտրտուքերի մեջ է, բայց ոչ մի կերպար ի վերջո իրենը չի համարում:

Ասում է, որ  գլխավոր հերոսուհուն համացանցի միջոցով է գտել, բլոգում, որտեղ իր աշխատանքներն էր հրապարակել: Այդպես հերոսուհին ավելի մոտ է կերպարին, որին խաղում է:

Ռեժիսորի խոսքով` պատմությունը հայկական չէ, այն համամարդկային է: Ամեն երկրում էլ, երբ ֆիլմը ցուցադրվում է, շատ պատանի աղջիկներ հայտարարում են, որ այն իրենց մասին է:

 

Tags: