՛՛Վ… այսինքն Վեռնոյ՛՛ ֆիլմը ներկայացնում է Վեռնոյ կինոռեժիսորին ու հային

DSCN8446Արտո Փեհլիվանյանի ՛՛Վ… այսինքն Վեռնոյ՛՛ վավերագրական  ֆիլմը ներկայացված է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի  ՛՛Հայկական համայնապատկեր՛՛ անվանակարգերում: Ֆիլմը ֆրանսահայ կինոռեժիսոր  Անրի Վեռնոյի կյանքի ու ստեղծագործության պատմությունն է`հավաքված արխիվային նյութերից ու գործընկերների հուշերից, ինչպես նաև լրագրող Արտակ Հերիքյանի` Օմար Շարիֆի  հետ հարցազրույցից հատվածներ են ներառված (վերջինս ՛՛Մայրիկ՛՛ ֆիլմում խաղում է Վեռնոյի հոր դերը):

Արտո Փեհլիվանյանն ասում է, որ փորձել է նոր նյութեր գտնել, որպեսզի հանկարծ չստացվեր, որ կրկնօրինակում է անում:  Վեռնոյին մեծ ռեժիսոր է համարում. նա 38 ֆիլմերով ավելի քան 91 մլն հանդիաստես է հավաքել. ՛՛ Վեռնոյի ֆիլմերը մարդու նոր ինտելեկտուալ հարթակ են բարձրացնում, ահա թե ինչու են մարդիկ կինոթատրոն գնում՛՛:

Ֆիլմը մեծամասամբ ներկայացնում է ՛՛Մայրիկ՛՛ ֆիլմի նկարահանումները. Վեռնոյի 5 տարվա քրտնաջան  աշխատանքը և թե ինչպես է ֆիլմը ներկայացնում ֆրանսահայ համայնքին: Վեռնոյի այլ ֆիլմերի նկարահանման հրապարակից ներկայացվող կադրերը հնարավորություն են տալիս համեմատել և հասկանալ, թե ինչ նվիրվածությամբ ու սրտատրոփ մոտեցումով է Վեռնոյն աշխատել ՛՛Մայրիկ՛՛ ֆիլմի վրա:

Ֆիլմն ավարտվում է 88-ի կադրերով, երբ Վեռնոյը ելույթ է ունենում հանրահավաքում`ի պաշտպանություն Արցախյան շարժման և հայ ժողովրդի:

Կադրը Փեհլիվանյանը կարևորում է, քանի որ դա Վեռնոյի բացառիկ ելույթներից է հանրահավաքին, այլ արխիվային նման նյութեր չկան: Բացի այդ, դա ցույց է տալիս, որ Վեռնոյը ոչ միայն մեծ ռեժիսոր է եղել, այլ նաև պայքարել է հայ ժողովրդի իրավունքների ու արդարության վերականգնման համար:

Ֆիլմը հանրությանը կներկայացվի հուլիսի 12-ին, Մոսկվա կինոթատրոնում:

Tags: