«Միկան» չարդարացրեց սպասելիքները

միկաFC_MIKA_Logoֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Միկան» չկարողացավ վրեժխնդիր լինել Չեռնոգորիայի «Ռուդարին» առաջին խաղում կրած պարտության դիմաց և մտնել հաջորդ փուլ, թեև հայկական ակումբը հիանալի հնարավորություն ուներ իրականացնելու թիմի երկրպագուների սպասելիքները:

Առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը պարտվել էր 0:1 հաշվով, իսկ  Երևանում կայացած պատասխան հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, թեև տանտերերը նկատելի առավելություն ունեին:

Խաղի մասին ահա թե ինչ տեսակետներ ունեն երկու թիմերի մարզիչները.

Արամ Ոսկանյան («Միկա») – Առաջին խաղակեսը բավական լավ սկսեցինք, հիանալի գոլային պահեր ունեցանք, սակայն չկարողացանք իրացնել դրանք: Երկրորդ խաղակեսում թիմը համեմատաբար դանդաղ սկսեց խաղալ: Իսկ խաղավերջում էլ կոպիտ սխալ գործեց մեր փորձառու ֆուտբոլիստը: Աղվանը չպետք է շրջվեր, երբ դեմքով դեպի մեր դարպասն էր: Ես խաղացողներին զգուշացրել էի, որ նման իրավիճակներում ռիսկի չդիմեն: Սակայն հնարավոր է, որ Մկրտչյանը չափից դուրս ինքնավստահ գործեց: Դա կարգապահական սխալ էր: Մեզ մնում է լավ նախապատրաստվել առաջնությանը և փորձել յուրաքանչյուր խաղում հաղթել:

Միրկո Մարիչ («Ռուդար») – Հանդիպումը մի փոքր լարված սկսեցինք, որի հետևանքով «Միկան» գոլային երեք պահ ստեղծեց: Սակայն այդ դրվագներում մարզական բախտը մեզ ժպտաց: Հետագայում կարողացանք թոթափել լարվածությունը: Ցավալի է, որ առաջին խաղակեսի վերջին րոպեին գոլ բաց թողեցինք: Ընդմիջմանն այլ մարտավարություն ընտրեցինք: Երկրորդ խաղակեսում «Միկան» ինքն իր գործը բարդացրեց, իսկ մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը: Առաջին խաղը մեզ համար դժվար ստացվեց, քանի որ ծանոթ չէինք «Միկային», իսկ այսօր այլ խաղ ցուցադրեցինք:

Tags: , ,