Փորձի փոխանակում՝ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների սոցիալական բաժինների միջև

001 (19)Երևանի և Ստեփանակերտի միջև 2012-2014 թվականների համագործակցության ծրագրով հուլիսի 9-11-ը փորձի փոխանակման նպատակով Երևան են այցելել Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցները:

Վերապատրաստման եռօրյա դասընթացների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու սոցիալական աշխատանքի ժամանակակից մեթոդներին: Նախատեսվում են նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի մասնագետների այցելություններ Երևանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ, նոր ներդրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ, սոցիալական սպասարկման այլ  կառույցներ։

Ծրագիրն իրականացվել է «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության աջակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի և եվրոպական երկրների առաջավոր փորձն ուսումնասիրած ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Դասընթացների ավարտին մասնակիցները մասնակցության  հավաստագրեր կստանան։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի համար մշակվել է համակարգչային ծրագիր, որը թույլ կտա ծրագրային մոտեցմամբ ժամանակակից սոցիալական սպասարկում իրականացնել: Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներն այդ նպատակով տեխնիկական և մասնագիտական աջակցություն կցուցաբերեն։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն