Ոսկե Ծիրանի և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում Սարդարապատում իրականացավ տոլմայի ամենամյա փառատոնը: Լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն երիտասարդ խոհարար ավանդույթ դարձած անվանակարգերի կողքին այս տարի մրցանակ շնորհվեց նաև ամենաերկար փաթաթված տոլման ներկայացրած տաղավարին: Տաղավարների մեծ մասը ուրույն տեղ էր հատկացրել հատկապես այս անվանակարգին: Կարին թոնրատան տաղավարի խոհարարը նախքան ժյուրիի ժամանումը մեզ հայտնեց, որ իրենց թփով տոլմայի երկարությունը յոթ մետր է, և այն չի վաճառվի, քանի դեռ ժյուրին չի գնահատել այն: Ինչպես վերջում պարզվեց, հենց այս տաղավարի տոլման էլ ճանաչվեց ամենաերկարը:
Տոլամայի համար այս տարի սահմանված էր սինվոլիկ գին: Որպես կանոն այդ թիվը չէր գերազանցում հարյուր դրամը: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մեզ հայտնեց, որ այսուհետ բոլոր փառատոնները վճարովի կլինեն, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ այն, ինչն անվճար է, ցավոք, չի գնահատվում: Վաճառքից կուտակված գումարը կտրամադրվի Արմավիրի մարզի որևէ դպրոցի:
Փառատոնը ուղեկցվեց համերգային ծրագրով, իսկ ոսկե ծիրանի մասնակիցները և փառատոնի հյուրերը համտեսեցին բազմատեսակ տոլմաները: Տոլմայով հյուրասիրվեց նաև մի շնիկ, որ երկար շրջում էր տաղավարների մոտ:
Լարա Առաքելյան
Tags: տոլմայի փառատոն