ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը հուլիսի 16-ին Կոնգրեսում կանցկացնի Ադրբեջանում իրադրության վերաբերյալ հատուկ լսումներ։ Լսումները կոչվում են “Խնդրահարույց գործընկեր․ աճող ավտորիտարությունը Ադրբեջանում”։ Քննարկումների կենտրոնում լինելու է նախընտրական իրադրությունը Ադրբեջանում, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը՝ վկայակոչելով “Թուրան” գործակալությանը։
“ԱՄՆ-ը և Ադրբեջանն ունեն շատ ընդհանուր շահեր և համագործակցում են տարբեր ոլորտներում, ներառյալ՝ էներգետիկան և տարածաշրջանային անվտանգությունը։ Սակայն կա աճող մտահոգություն` Ադրբեջանում ներկա քաղաքական իրադրության կապակցությամբ”,- ասված է Հելսինկյան հանձնաժողովի հաղորդագրությունում։
Մտահոգիչ միտումներից են “ահաբեկումներն ու ձերբակալությունները, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ բռնությունը, ոչ կառավարական կազմակերպությունների գրանցման խստացումները, իրավական սահմանափակումները ինտերնետում, ներառյալ՝ քրեական պատասխանատվությունը զրպարտության համար, հավաքների ազատության սահմանափակումները, ուժի կիրառումն ու ցուցարարների ձերբակալությունները բողոքի ակցիաների ցրման ժամանակ, ոչ արդար դատարանները, ներառյալ՝ կամայական ձերբակալությունները, քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությունները, երկարատև նախնական կալանքը և դատական գործընթացներին գործադիր իշխանության միջամտությունը”։
Այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և այս լսումների արդյունքները հնարավորություն կընձեռեն երկրում ներկա իրադրության քննարկմանը և ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը, նշում է կայքը:
Լսումներին մասնակցելու են ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալի օգնականը, պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը, ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (ReAl) շարժման ներկայացուցիչը և այլք, նշված է հաղորդագրությունում:
Հուլիսի 14-ին լսումներին մասնակցելու համար Բաքվից Վաշինգտոն կմեկնի ընդդիմադիր Ազգային խորհրդի պատվիրակությունը։
