Թուրքիայում ևս մեկ հայկական գերեզմանատուն են ոչնչացրել

gerezmanԹուրքիայի Թոքիրդաղի նահանգի Մալքարա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը ամբողջությամբ ոչնչացվել է: Այս մասին հաղորդում է թուրքական    «Ռադիկալը»: Գրեզմանատան տարածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տարբեր նպատակներով է օգտագործվել, վերջին շրջանում էլ այստեղ հացատուն է կառուցվել:

Մալքարայի հայկական պատմական գերեզմանատան հիմնադրման տարեթվի մասին հստակ տեղեկություն չկա: Մալքարայի կենտրոնից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատունը 1976 թվականի սեպտեմբերի 1-ին գրանցվել է որպես չգործող: Տարիներ շարունակ գերեզմանատան տապանաքարերը քանդվել են:

Այժմ հայակական գերեզմանատան տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, որի հետևանքով հանգուցյալների ոսկորները աստիճանաբար երևան են գալիս: Այս տարածաշրջանում ապրող մի գյուղացի հետևյալ տեղեկությունն է տվել. «Շինարարությունը մեկ ամիս առաջ է սկսվել: 15 օր առաջ էլ հորդառատ անձրև եկավ: Անձրևաջուրը, լվանալով հողը, կմախքները ի հայտ բերեց: Մարդիկ սկսեցին բողոքել, ինչի հետևանքով կրկին հող բերեցին և փակեցին ոսկորները»:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում քանդում և ոչնչացնում են հայկական գերեզմանատները: Այս տարվա սկզբին էլ Էրուհի շրջանում ճանապարհի կառուցման համար քանդել էին հայկական գերեզմանոցը:

Tags: