Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տեղում երկաթյա կոնստրուկցիաների տեղադրման վերաբերյալ հուլիսի 11-ին որոշ լրատվամիջոցներով հնչեցված ահազանգի հետքերով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները նույն օրը եղել են տեղում և, անմիջապես կասեցնելով շինարարական աշխատանքները, ձեռնամուխ են եղել արդեն տեղադրված կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքներին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 12-ի վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին:
Նշենք, որ ավելի վաղ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշում էր, որ հուլիսի 11-ին Աբովյան փողոցում նորից մետաղյա կոնստրուկցիաներ են տեղադրվել:
«Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի խոսքը Աբովյան փողոցը հանրությանը վերադարձնելու մասին սուտ էր: Այն նորից ծառայելու է ինչ որ սրճարանների և սեփականատերերի` փակելով քաղաքի հիմնական ճեմուղին:
Տարոն Մարգարյանը նաև հայտարարել էր, որ կից հանրային զուգարան է կառուցվում: Այսօր որևէ հանրային զուգարան չկա այդ տարածքում:
Փաստորեն Մարգարյանի խոսքերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ի դեպ մինչ օրս քաղաքապետարանը մերժում է ներկայացնել քաղաքապետի այն որոշումները, որոնց հիման վրա կրպակները հանվել են Աբովյան փողոցից և տարվել Մաշտոցի պուրակ, իսկ ապա հանվել Մաշտոցի պուրակից:
Աբովյան փողոցի խեղաթյուրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Տարոն Մարգարյանի վրա»,- ասված էր հաղորդագրությունում:
Tags: Երևան, Երևանի քաղաքապետարան