«Ատոմ 2013». հայ-ամերիկյան վարժանք Երևանում

ատոմՀուլիսի 9-11-ը Երևանում անցկացվեց ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով և շտաբային վարժանք: Այն կազմակերպել էին ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:

Հայաստանում առաջին անգամ վարժանքին ներգրավված էին նաև ԱԻ նախարարության համակարգում աշխատող հաշմանդամություն ունեցող անձինք:

«Ատոմ 2013» շտաբային վարժանքի սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել վթար և վտանգավոր նյութի արտահոսք շրջակա միջավայր, որի հետևանքով բնակչությանը լուրջ վտանգ է սպառնում: Անհրաժեշտ էր իրականացել մոտակա բնակավայրերի բնակիչների տարհանում և իրականացնել պաշտպանական միջոցառումներ: Ըստ մտահղացման` իրավիճակը գնալով բարդանում է, և ՀՀ կառավարությունն օգնության խնդրանքով դիմում է միջազգային հանրությանը:

Կարևորելով հանրային իրազեկման խնդիրը` վարժանքի շրջանակներում խաղարկվեցին ճեպազրույց և մամուլի ասուլիս, որոնք նպատակ ունեին օգնել ոլորտի փորձագետ-խոսնակներին պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում հրատապ տեղեկություններ տրամադրել բնակչությանն ու լրատվամիջոցներին, ինչպես նաև կանխել հնարավոր խուճապային իրավիճակները:

Հուլիսի 10-ին «Ատոմ 2013» վարժանքի ուսումնական շտաբ էին այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ծանոթանալով վարժանքի աշխատանքային խմբերին ու ներկա գտնվելով խաղարկային ճեպազրույցին` ԱԻ նախարարը և ԱՄՆ դեսպանը գոհունակություն հայտնեցին վարժանքի ընթացքի ու կատարված աշխատանքի վերաբերյալ:

Դեսպան Հեֆերնը լրագրողների հետ զրույցում կարևորեց ատոմակայանի անխափան գործունեությունը` նշելով, որ Միացյալ Նահանգները ջանքեր է ներդնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում և արդյունավետ համագործակցում ԱԻ նախարարության հետ:

ԱԻ նախարարի և ԱՄՆ դեսպանի հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության միջև փոխգործակցության վերաբերյալ:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է արագ արձագանքել նման պատահարների և մշտապես համագործակցում է մյուս գերատեսչությունների, ինչպես նաև օտարերկրյա դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ` կատարելագործելու համար մեր մասնագետների հմտությունները:

Վարժանքի վերջին օրը, ամփոփելով կատարված աշխատանքը, ամերիկյան կողմից վարժանքի ղեկավար Դայանա Ակուրիոն մասնավորապես ասաց.
- Շատ գնահատելի էր, որ աշխատաժողովի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների շրջանում աշխույժ ու անկաշկանդ քննարկում ծավալվեց, որն անկասկած օգնեց բացահայտել համագործակցության խնդիրներն ու ավելի սերտ կապեր հաստատել պետական կառավարման մարմինների պատասխանատու աշխատակիցների միջև: Մենք տեսանք, որ վարժանքի աշխատանքային խմբերում լուրջ մոտեցում կար գործի հանդեպ ու ղեկավար խմբի կողմից ներկայացված ոչ մի հարցադրում անպատասխան չմնաց:

Ավարտին աշխատաժողովի ու վարժանքի մասնակիցներին վկայականներ հանձնվեցին, իսկ ԱԻՆ ամերիկացի գործընկերները ևս մեկ անգամ հավաստեցին, որ պատրաստ են աջակցել թե մասնագետների պատրաստման, թե փորձի փոխանակման և թե իրական վտանգի դեպքում օգնություն տրամադրելու գործում:

Tags: