Թուրքական «Ռադիկալը» հրապարակում է արել 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջում իրականացրած Քենան Էվրանի ստորագրած և զինվորական գնդերին ուղարկված «Թուրքիայի դեմ ուղղված ներքին սպառնալիք» վերնագրով զեկույցի վերաբերյալ, որտեղ խոսվում է երկրի քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի մասին: Զեկույցում հայերը խիստ քննադատության են ենթարկվում, ինչպես նաև պաշտպանվում է 1914 թվականի դեպքերի «օրինական և իրավացի լինելը»:
Հետաքրքրական է, որ զեկույցում նշվում է, թե հայերն ու հույները համագործակցության մեջ են մտել և խորհուրդ է տրվում ուշադրության տակ պահել նաև ասորիներին և հրեաներին: Սեպտեմբերի 12-ի հեղափոխությունից 3 ամիս առաջ Քենան Էվրենի ստորագրությամբ այս «հույժ գաղտնի» զեկույցում հետաքրքիր մեկնաբանություններ են արվում քրիստոնյա փոքրամասնությունների՝ մասնավորապես հայերի ու հույների վերաբերյալ:
Զեկույցի «Կործանարար և անջատողական գործողություններ» բաժնում խոսվում է հայ ազգաբնակչության մասին՝ սկսած 1913 թվականից: Բնականաբար հերքվում է ցեղասպանության իրականացման փաստը, այն որակելով որպես տեղափոխություն դեպի պատերազմից հեռու շրջաններ:
