ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները դաշնակցային և ռազմավարական բնույթ են կրում: Ըստ նրա՝ երկկողմ հարաբերությունները հատկապես կարևոր են հաշվի առնելով ԱՄՆ-ի՝ եվրասիական տարածաշրջանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վարած քաղաքականության:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Նուլանդը, ելույթ ունենալով արտաքին գործերի գծով սենատական կոմիտեի նիստի ժամանակ, նշել է, որ թուրք-ամերիկյան դաշնակցությունը Վաշինգտոնին թույլ է տալիս բացեիբաց Անկարայի հետ քննարկել իրեն անհանգստացնող այս կամ այն հարցը, մասնավորապես ժողովրդավարության զարգացման խնդրի վերաբերյալ: Հետաքրքրական է Նուդլանի հայտարարությունը այն մասին, թե թուրքական ժողովրդավարության ուժը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար, որոնք ցանկանում են կառուցել իսլամական, միևնույն ժամանակ ժողովրդավար պետություն:
