Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հետ

435. Armenian and Moldovan FM's meeting 13.07.2013Հուլիսի 12-ին Քիշնևում տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 11-ին Քիշնևում Մոլդովայի նախագահի և վարչապետի հետ ՀՀ նախագահի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու հայ-մոլդովական համագործակցությանը:

Նախարարները անդրադարձել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, հումանիտար և մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերին:

Նախարարներ Նալբանդյանը և Գերմանը այցելել են նաև Քիշնևի հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել են Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։

Նախարար Գերմանը իր հերթին բարձր է գնահատել արդեն մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող մոլդովահայ համայնքի դերը երկրի  կյանքում: Հայ համայնքի ներկայացուցիչները նախարարներին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները և մտքեր փոխանակել դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը իր մոլդովացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Tags: