Պաշտոնական Անկարան արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները»:
Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է. «Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունն արտացոլում է Թուրքիայի տարածքային ամբողջականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը, սակայն, հակասում է այնպիսի միջազգային կազմակերպությունների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն: Բոլորը պետք է հասկանան՝ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուլիսի 5-ին, մայրաքաղաք Երևանում, «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական կողմին, մասնավորապես հայտարարել էր.«Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը: Զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը՝ այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվենԹուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:
Tags: հայ-թուրքական
