ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի այցը Հայաստան

4ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի նախապատրաստման և աշխատանքների կազմակերպման շրջանակներում 2013թ. հուլիսի 7-ից 13-ը Հայաստանի Հանրապետությունում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Այցի ընթացքում հուլիսի 9-ին խորհրդատվական խմբի անդամների հետ խորհրդակցություն անցկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՌՎ նոր շրջափուլի կազմակերման հարցում ՀՀ ՊՆ մոտեցումներն ու տեսլականը՝ հիմնական շեշտը դնելով վերանայման փուլերի, մեթոդաբանության և գործելակերպի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտության վրա: Նշել է, որ ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում միջազգային գործընկերների տրամադրած խորհրդատվությունն ունեցել է լուրջ դերակատարություն վերջնական պլանավորման փաստաթղթերի մշակման գործում: Միջազգային խորհրդատվական խմբի անդամները, ընդգծելով ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում կատարված համատեղ աշխատանքների արդյունավետությունը, հույս են հայտնել, որ փոխգործակցության նույնանման մակարդակ կարձանագրվի նաև առաջիկա աշխատանքների ընթացքում:

Հուլիսի 12-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Հանդիպման ընթացքում խորհրդատվական խմբի անդամները ներկայացրել են նախորդ օրերին կատարված աշխատանքների արդյունքները` պաշտպանության նախարարի դիտարկմանը հանձնելով ՊՌՎ կազմակերպման ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը՝ միջոցառումների կատարման պլան ժամանակացույցով:  Շնորհակալություն հայտնելով խորհրդատվական խմբին ցուցաբերած եռանդուն աջակցության համար, պաշտպանության նախարարը նշել է, որ ՊՌՎ-ն, հանդիսանալով պաշտպանության միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը, ձեռք է բերել պարբերական բնույթ: Նախարարն իր վստահությունն է հայտնել, որ համատեղ ջանքերով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացը կիրականացվի բարձր արդյունավետությամբ, որի արդյունքում կունենանք «ՀՀ զինված ուժեր – 2020» տեսլականը:

Tags: