Տարոն Մարգարյանը` «Արևելքից՝ Արևմուտք. Մոդեռնից՝ Պոստմոդեռն, հայ արվեստագետներ» խորագրով ցուցահանդեսին

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ օրերս բացվել էր «Արևելքից՝ Արևմուտք. Մոդեռնից՝ Պոստմոդեռն, հայ արվեստագետներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պաշտոնական ծրագրի շրջանակում բացված ցուցահանդեսում ներկայացված էր հայ գեղարվեստի հարյուրամյա  պատմությունը՝ սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը:

Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Հայ մեծանուն վարպետների գործերի կողքին ներկայացված էին նաև ժամանակակից նկարիչների աշխատանքներ: Մեկ հարթակի վրա  ներկայացված բարձրարժեք գործերի շարքում էին հայ մեծ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինասի, Ժանսեմի, Գառզուի, Բաշինջաղյանի, Սերգեյ Փարաջանովի,  Երվանդ Քոչարի, ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքները:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները դիտելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը կազմակերպիչների խնդրանքով իր ինքնագիրն է թողել ցուցահանդես այցելած պատվավոր հյուրերի համար առանձնացված ցուցանակին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: