Թուրքիայում ոչնչացվեց հերթական հայկական գերեզմանատունը, այս անգամ Սիվասում

sivas«Թուրքիայի Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատունը ճանապարհաշինական մեքենաների կողմից ամբողջությամբ ավերվել է: Ամբողջ շրջակայքը լի է ձեռքերի, ոտքերի, գլխի ոսկորներով: Կարծես հերիք չէր հայկական տները քանդելը, բոլորովին ազատ տարածքը թողած, եկել գերեզմանատունը հողին են հավասարեցրել:» Այս մասին «Ակօս»-ում հրապարակված իր հոդվածում գրել է Զաքարիա Միլդանօղլուն: Վերջինս ԱՄՆ-ից եկած հայերի հետ շրջել է այս տարածքներով՝ բախվելով նման ցավալի տեսարանի:

«Գերեզմանատանը միայն մեկ գերեզմանաքար է մնացել, վրան գրված է Սահակ Դեմիրջի՝ 1891-1959: ԱՄՆ-ից եկած մեր բարեկամները սարսափած ասում են՝ «Կառավարությունը մեզ վերադառնալու կոչ է անում, ասում է եկ իրար ներենք: Մենք այսպե՞ս ենք հանդիպելու, այսպե՞ս ենք իրար ներելու»: Մեր լեզուն չորացել է, ասելու բառ չենք կարողանում գտնել»,-պատմում է Միլդանօղլուն՝ իր հոդվածն ավարտելով հետևյալ խոսքերով. «Արդեն 2013 թվականն է: Զարայում թալանված հայկական գերեզմանատունը պատմության գիրկն անցավ: Սակայն ոսկորներն ու հոգիները դեռևս հանգիստ չեն գտել»:

 

Tags: