Եվրախորհրդարանը հերքել է ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Եվրախորհրդարանը Ադրբեջանում նախագահական ընտրությունների մոնիթորինգ չի անցկացնի:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մարժորի վան դեն Բրոյեկեն: “Մեկ շաբաթ առաջ խորհրդարանի անդամները քննարկել են, թե որ երկրներում է անհրաժեշտ ընտրությունների ժամանակ դիտարկում անցկացնել: Սակայն որևէ երկրի առնչությամբ որոշում չի կայացվել: Նման որոշում կարող են ընդունել խորհրդարանի նախագահի և խմբակցությունների ղեկավարները սեպտեմբերին”,-նշել է նա:
Բրոյեկենը ընդգծել է, որ նույնիսկ Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները դիտարկելուց հրաժարվելու առաջարկ չի եղել:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ լուրեր էին տարածել, թե Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ադրբեջանը այլևս չի մտնում այն պետությունների ցուցակում, որտեղ անհրաժեշտ է ընտրությունների մոնիթորինգ անցկացնել:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013թ. հոկտեմբերին:
