Թուրքական «Dünya Bülteni» լրատվական կայքը անդրադարձել է Հայաստանի սոցիոլոգների միության նախագահ Գևորգ Պողոսյանի՝ գերմանական ռադիոյին տված հարցազրույցին, որի ժամանակ նա նշել է, թե առաջիկա 12-17 տարիների ընթացքում արտագաղթի և ծերացման նման խնդիրների հետևանքով Հայաստանի բնակչության թիվը 1,5-2 միլիոնի չափով կարող է նվազել: Ըստ Պողոսյանի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1,2 միլիոն քաղաքացի լքել է Հայաստանը, որը կազմում է երկրի բնակչության 30 տոկոսը: 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին 25 հազար մարդ է հեռացել երկրից: Այս տարի այս թիվը անցել է 35 հազար 500-ից: Նման իրավիճակում պնդումներ կան, թե արտագաղթի ընթացքը գնալով արագանում է:
Կայքը գրում է, թե Պողոսյանի կողմից Երևանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների 46 տոկոսը պատրաստ է լքելու երկիրը: Հայաստանից հեռացողների 80 տոկոսը գնում է Ռուսաստան, 15-ը՝ Եվրոպա, իսկ 5 տոկոսը նախընտրում է ԱՄՆ մեկնել: Սոցիոլոգը նշել է, թե արտագաղթի պատճառը 1990-ականների Ղարաբաղյան պատերազմն ու գործազրկությունն է: Պողոսյանը ընդգծել է, որ իշխանությունները երկար տարիներ անտեսել են այս խնդիրը, սակայն այժմ անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել արտագաղթի կանխարգելման համար:
Tags: արտագաղթ