Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է “Ոսկե ծիրան”կինոփառատոնի փակման արարողությանը

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է “Ոսկե ծիրան”միջազգային 10-րդ կինոփառատոնի պաշտոնական փակման հանդիսավոր արարողությանը:
Շնորհավորելով փառատոնի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. “Փառատոնի օրերին իսկապես մեծ ոգևորություն է նկատվում մայրաքաղաքում: Երևանցիները մեծ հպարտությամբ են մասնակիցը դառնում այս ընթացքում տեղի ունեցող բոլոր միջոցառումների: Վստահ եմ, որ հաջորդ տարիներին “Ոսկե ծիրան”ավելի ու ավելի կզարգացնի իր ծրագրերը և ավելի ներկայանալի կդառնա: Երևանի քաղաքապետարանը պատրաստ է լինելու կազմակերպիչների կողքին, որպեսզի կինոարտադրողներն ու ստեղծագործողները նոր հնարավորություններ ստանան աշխարհին ներկայանալու”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կինոփառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ փառատոնի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ մայրաքաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի և “Ոսկե ծիրան” երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի առթիվ “Կինոյի զարգացման “Ոսկե ծիրան”հասարակական կազմակերպության տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,