Թուրքիայում շարադրելու են հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը

mehmet_metin_hulaguԹուրքական պատմագիտական ընկերությունը պատրաստվում է մեծ աշխատություն գրել հայ-թուրքական հարաբերությունների պատմական զարգացումների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ընկերության նախագահ պրոֆեսոր Մեհմեդ Մեթին Հյուլագյուն: Վերջինս նշելով, որ սա լինելու է երկու երկրների հարաբերությունների պատմությունը, ասել է, թե այս աշխատության մեջ ընդգրկվելու են այնպիսի հոդվածներ, որոնք դիտարկում են հայ-թուրքական առնչությունների սոցիալական ասպեկտները:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ ըստ պրոֆեսորի հայտարարության՝ այս հրատարակությունը յուրատեսակ նախապատրաստություն է 2015 թվականին ընդառաջ: Հյուլգյուն նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, սակայն այդ ընթացքը ամբողջությամբ ընգրկող որևէ աշխատություն չկա: «Առանձին աշխատություններ կան այս կամ այն ժամանակահատվածի վերաբերյալ, սակայն մեր ժողովածուի մեջ հրատարակվելու են այնպիսի հոդվածներ, որոնք գրվել են ինչպես անցյալում, այնպես էլ վերջին տարիներին, կլինեն նոր փաստեր»,-նշել է Հյուլգյուն:
Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը հայտնել է, որ բոլոր նյութերը հավաքագրվելու են մինչև այս տարվա վերջ, իսկ հրատարակման աշխատանքները ընդհանուր առմամբ կավարտվեն մեկ տարվա ընթացքում:

 

Tags: