ԱՄՆ-ի քաղաքացի Մայքլ Բոթրայթը գիտակցությունը կորցնելուց հետո հիշողության կորուստ է ունեցել ու սկսել է խոսել շվեդերեն: Նա պնդում է, որ իր անունը Յոնաս Էք է ու լրագրողների և բժիշկների հետ շփվում է միայն թարգմանչի օգնությամբ:
61-ամյա ամերիկացուն փետրվարի 28-ին հայտնաբերել են Փալմ-Սփրինգսի մոթելում, անգիտակից վիճակում: Ենթադրվում է, որ նա եկել է այդ քաղաք թենիսի մրցույթին, քանի որ իր հետ ունեցել է մարզահագուստ ու թենիսի թիեր, ինչպես նաև Մայքլ Թոմաս Բոթրայթ անունով անձը հաստատող վկայական: Տղամարդուն հիվանդանոց տեղափոխեցին այն ժամանակ, երբ գիտակցության գալով` սկսեց խոսել շվեդերեն և անգամ իրեն հայելում չճանաչեց: Շուտով նրա մոտ ախտորոշեցին տրանզիտորային գլոբալ հիշողության կորուստ: Վերջին 4 ամսում նա գտնվում է հիվանդանոցում ու ոչ մի կերպ չի կարողանում սովորել անգլերեն, չի հիշել անգամ իր ընկերներին ու հարազատներին, այդ թվում` նախկին 2 կանանց: Նրա մասին հայտնի է միայն, որ 1981-2003-ին նա եղել է Շվեդիայում: Նրա շվեդ ծանոթները նրան նկարագրում են, որպես ամերիկացի, որը հետաքրքրվում է միջին դարերի պատմությամբ ու ասպետական մարտերով: Հայտնի է նաև, որ նա 1971-1973-ին ծառայել է որպես ավիացիոն մեխանիկ: Իսկ ԱՄՆ-ում Բոթրայթը 3D դիզայներ է, ինչպես նաև 10 տարի Ճապոնիայում ու 4 տարի Չինաստանում անգլերեն է դասավանդել: Հիվանդանոցը, որտեղ նա արդեն 4 ամիս է բնակվում, տարբերակներ է դիտարկում նրա հետագա կեցության համար, քանի որ տղամարդը, բացի հիշողության գլոբալ կորստից, լրիվ առողջ է ու չի կարող մշտապես մնալ բժշկական հաստատությունում:
Tags: ամնեզիա