Մեր տիտղոսակիր ըմբիշներից սպասելիքներն ավելի մեծ էին

ԿազանuniversiadaԿազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական  խաղերի ծրագրով  հունահռոմեական ոճի ըմբիշների մրցումների վերջին օրը  մրցագորգ դուրս եկան մեր երկու տիտղոսակիրներըՙ Լոնդոնում 2012-ին կայացած օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Ալեքսանյանն առաջին երկու գոտեմարտերում 4:0 հաշվով պարտության մատնեց թուրք Սուլեյման Դեմիրչիին և լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին: Ապա Արթուրը 3:1 հաշվով առավելության հասավ իրանցի Մահդի Ալիյարիֆելզաբադիի նկատմամբ:

Այսպիսով, Ալեքսանյանն իրավունք ստացավ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ գոտեմարտում նա մրցեց ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ: Ցավոք Արթուրին չհաջողվեց շարունակել հաղթարշավը: Հայ ըմբիշը մրցակցին զիջեց 0:5 հաշվով և բավարարվեց արծաթե մեդալով:

74 կգ քաշային  Ջուլֆալակյանը  հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Աթաբեկ Ազիկբեկովին (4:0): 2-րդ գոտեմարտում վիճակահանությամբ Արսենին բաժին էր հասել ռուսաստանցի Ռոման Վլասովը, որին հայ ըմբիշը պարտվել էր Լոնդոնի օլիմպիադայի եզրափակիչում: Ցավոք, Ջուլֆալակյանը կրկին զիջեց մրցակցին (1:3): Քանի որ վերջինս հասել էր մինչև եզրափակիչ, Արսենն իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին: Առաջին գոտեմարտում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին: Բրոնզե մեդալի համար  գոտեմարտում Ջուլֆալակյանը 4:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Էլվին Մուրսալևի նկատմամբ:

Այսպիսով, Կազանում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճեցին 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Իսկ ընդհանուր հաշվարկով Հայաստանի մարզիկներն ուսանողական խաղերում արժանացել են 10 մեդալի` 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե:

 

Tags: , ,