Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Բիհար նահանգում տարրական դպրոցի 20 աշակերտ մահացել է սննդային թունավորումից: Տեղական իշխանությունները հայտնում են, որ 27 աշակերտ և դպրոցի խոհարարը բուժում են ստանում հիվանդանոցում, 10 երեխայի վիճակը ծանր է: Ողբերգությունը տեղի է ունեցել Չհապրա քաղաքի դպրոցում: Ենթադրվում է, որ 8-ից 10 տարեկան երեխաները թունավորվել են անվճար ճաշից, որը նրանց տրամադրում է կրթական հաստատությունը:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ նահանգի առողջապահության նախարարի խոսքերով՝ ճաշը պատրաստված է եղել դպրոցական ճաշարանի խոհանոցում: Նա նշել է, թե նախնական փորձաքննութան արդյունքների համաձայն՝ ճաշի պատրաստման համար օգտագործված բրնձի և ցորենի մեջ ֆոսֆորի հետքեր են հայտնաբերվել, որը նախատեսված է մթերքի պահպանման համար:
Հնդկաստանի մի շարք նահանգներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար կերակրում են դպրոցում` երկրի կառավարության սոցիալական ծրագիրի շրջանակներում:
