Այս տարի “Երևան սիթի տուր”-ից արդեն օգտվել է շուրջ 1400 հոգի

001Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում  “Երևան սիթի տուր”-ծրագրի միջոցով 2013 թվականի մայիսից մինչև հուլիսի 15-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվել է շուրջ 1400 զբոսաշրջիկ: Ի դեպ, այս տարի “Երևան սիթի տուր”-ը աշխատանքն սկսել է մայիսի 1-ից: Միայն հունիս ամսվա ընթացքում զբոսաշրջային երթուղու ավտոբուսներով շրջել և մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին ու տեսարժան վայրերին ծանոթացել են 450 անձինք: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը 411 էր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ ծրագրից օգտվողների զգալի մասը օտարերկրյա զբոսաշրջիկներն են: “Երևան սիթի տուր”-ը նաև սփյուռքահայ և  ՀՀ մարզերից Երևան այցելած շատ մարդկանց զբոսաշրջային քարտեզում է:

Շուրջ 2 ժամ տևողությամբ մայրաքաղաքային էքսկուրսն ընդգրկում է 8 կանգառ: Մայրաքաղաքի վերաբերյալ մատուցվող տեղեկատվությանը զբոսաշրջիկները ծանոթանում են  6 լեզվով:

Երևան այցելել պատրաստվող և արդեն իսկ մայրաքաղաք այցելած բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն ունեն շրջել “Երևան սիթի տուր”-ծրագրի ավտոբուսներով, առավել մանրամասն տեղեկատվություն այդ մասին կարող են ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: