Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ավտովթարի հիմնական մեղադրյալ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան տեղափոխելը պահի համար համաչափ չէր, քանի որ նա չէր խուսափել նախաքննական մարմիններից, չէր խաթարել նախաքննական գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` հիշեցնելով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համապատասխան նամակով դիմել է ռուսաստանցի գործընկերոջը և պատրաստակամություն հայտնել հետևողական ու աջակից լինել գործին:
Քննարկմանը ներկա՝ ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցն էլ իր հերթին նկատեց, որ ավելի պատշաճ կլիներ, եթե Հրաչյա Հարությունյանին դատարան բերեին գոնե հիվանդանոցային համազգեստով: «Մենք մշտական կապի մեջ ենք նրա փաստաբանի հետ, և անգամ նա է փաստում, որ կալանավորին դատարան կանացի խալաթով բերելը նախևառաջ ռուսական պետության դեմքն է»:
Ասուլիսին ներկա Հրաչյա Հարությունյանի քրոջ դուստրը` Անահիտ Մայիլյանն էլ նկատեց, որ չի հասկանում մամուլի այն պնդումները, համաձայն որոնց՝ իր մորեղբայրը սեփական կաշին փրկելու համար է դուրս նետվել խցիկից: «Նա Աստծո կամոք է ողջ մնացել: Դատարանում նրա պահվածքից ակնհայտ էր, որ քեռիս դեղերի ազդեցության տակ է եղել, նրան արթնացրել ու բերել են հիվանդանոցից: Մի՞թե հնարավոր չէր սպասել` նա ինքնուրույն զարթներ, և նոր միայն բերեին դատարան: Քեռիս ահավոր վիճակում էր ոչ թե նրա համար, որ մտածում էր` իրեն ինչ պատիժ է հասնելու, այլ ցավում էր մահացած մարդկանց համար»,- նշեց նա` հավելելով, որ պատահարից առ այսօր իրենք Հրաչյա Հարությունյանից որևէ տեղեկություն չունեն, նրա հետ չեն խոսել:
«Անգամ մեր բարեկամները նրան շորեր են տարել, սակայն այդպես էլ թույլ չեն տվել, որ դրանք քեռուս հասնեն: Քիչ առաջ տեղեկացա, որ քեռուս բանտ են տեղափոխել: Բայց նա հանցագործ չէ»,- ասաց նա` հավելելով, որ բանակում հիվանդացած և վիրահատությունից հետո մահացած քեռու որդու շիրմաքարը պատրաստելու համար ՊՆ-ն երեկվա դրությամբ 400 հազար դրամ է տրամադրել: «Միակ խնդրանքս այն է, որ քեռիս գոնե իր երկրում պատիժը կրի: Ես ինքս օդանավակայանում եմ աշխատում և տեսնում եմ` օրական որքան հայազգի տղամարդիկ են մեկնում ՌԴ. դա ինձ համար ցավալի է»:
Քննարկման մյուս բանախոս՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով խոշոր ավտովթարի մասին ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժներին, նկատեց, որ դժբախտ պատահարի վերաբերյալ նյութերը կառուցվում են ատելության և արհամարհանքի համատեքստում: «Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելը ցույց է տալիս, թե ինչ քննություն է սպասվում մարդու իրավունքների պաշտպանությամբ չփայլող Ռուսաստանում, նման կերպ մարդուն կոմայից հանելն ու դատարան բերելը ուղիղ վերաբերմունքն է ռուսական դատարանների հանդեպ»,- նշեց նա` հավելելով, որ ճիշտ կլինի` ռուսերենին չտիրապետող Հրաչյա Հարությունյանի պաշտպանության համար Հայաստանից փաստաբաններ ուղարկվեն:
Ժաննա Ալեքսանյանը ճիշտ համարեց, որ Հրաչյա Հարությունյանի` բանակում հիվանդացած ու վիրահատությունից հետո մահացած որդու թաղման և շիրմաքարի պատրաստման ծախսերն իր վրա վերցներ ՊՆ-ն, ոչ թե որդեկորույս հայրը ճարահատյալ՝ այդ ծախսերը հոգալու համար մեկներ ՌԴ` արտագնա աշխատանքի:
Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ կարծիք հայտնեց, որ հայազգի վարորդին խալաթով դատարան բերելը հստակ քաղաքական դիրքորոշում էր, ՌԴ իշխանությունների վիրավորանքը հայ ժողովրդի ու նախագահի հանդեպ: «Որպես ՀՀ քաղաքացի` ներսումս մի քանի շերտ վիրավորանք կա: Ռուսաստանը մեկ այլ երկրի նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունք երբևէ չէր ցուցաբերել: Անհնար եմ համարում, որ նման տեսքով դատարան բերվեր, ասենք, ԱՄՆ քաղաքացի: Եթե նման դեպք պատահեր, վստահ եմ` ԱՄՆ-ը կխզեր Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները: Անգամ «Սառը պատերազմի» տարիներին նման բան հնարավոր չէր: Այս մարդը, որ տարիներ առաջ կամավոր կերպով մեկնել է Արցախյան պատերազմի և մանավանդ բանակում որդի է կորցրել, պետք է պատշաճ վերաբերմունքի արժանանար ՀՀ կառավարության կողմից»,- նկատեց նա:
Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ մեր երկրում հակառուսական տրամադրություններն ակնհայտ են. «Դրանք սրվեցին հատկապես ՌԴ կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի չափով զինամթերք վաճառելուց հետո»:
1in.am
Tags: Հրաչյա Հարությունյան