Արտավազդ Փելեշյանը “Գյումրու պատվավոր քաղաքացի”

IMG_0717Գյումրիի քաղաքապետն ու ավագանին այսօր հյուրընկալեցին հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին և նրա ընտանիքին: Իր ծննդավայրում մեծանուն հային շնորհվեց “Գյումրու պատվավոր քաղաքացի” կոչումը` ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

“Գյումրեցու համար պարծանք է ունենալ նման զավակ, ով կինեմատոգրաֆիայի աշխարհում կատարել է մեծ գործեր: Եվ դուք արժանի եք, որ լինեք մեր քաղաքի պատվավոր քաղաքացի”, – իր խոսքում նշեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Արտավազդ Փելեշյանին այս կոչումը շնորհելու առաջարկն արել էր Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, իսկ ավագանու ամբողջ կազմը միաձայն կողմ էր քվեարկել:

“Ինձ համար շատ մեծ պատիվ է լինել Գյումրու պատվավոր քաղաքացի և պարտականություն է: Շնորհակալություն այդ պատվավոր կոչումն ինձ հանձնելու համար”, – հուզված նշեց կինոռեժիսորը:

“Ուսանող ժամանակներից ընկերներիս հետ մոտ 10 գրազ եմ կրել` թե որտեղ է ծնվել Փելեշյանը: Բոլորը համառորեն պնդում էին, որ կինոյի մեջի Ռեվազը չի կարող գյումրեցի լինել: Ես, իհարկե, բացատրում էի` Ռևազն այն ամենափոքրիկն է, ինչ արել է պարոն Փելեշյանը: Ձեր վավերագրական ֆիլմերը համաշխարհային, դասական ուսուցանելիք են կինոյի հետ գործ ունեցող ցանկացած մեկի համար: Վերջը, Սովետական հանրագիտարանը բացում, դնում էի առաջները` ասում, կարդացեք մարդը որտեղ է ծնվել: Պարոն Փելեշյանը Գյումրիում է ծնվել: Համաշխարհային մեծության մարդու ենք այսօր հյուրընկալել, այնպիսի մարդու, որի մասին շատ խոսելն իմաստ չունի: Շատ կուզեինք Ձեզ աշխատելով տեսնեինք, գործ ունենայիք անելու, նկարեիք: Ավագանին միաձայն ընդունել է այս որոշումը առանց տարակուսանքի, մեծագույն հավատամքով, որ Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և մեր մյուս մեծերի կողքին Ձեզ նման մարդ ունենք: Փառք և պատիվ Ձեզ, փառք և պատիվ այս քաղաքին, որ Ձեզ նման մարդ է տվել”, – կինոռեժիսորին այսպես ողջունեց որոշման հեղինակ Լևոն Բարսեղյանը:

Արտավազդ Փելեշյանը, ով Գյումրի էր ժամանել կնոջ, քույրիկի և թոռնուհիների մոտ, բազմաթիվ անակնկալների հանդիպեց: Նա Գյումրիում վերագտավ իրեն` պաշտոնական փաստաթղթերով, իր ծնված տունն ու թաղամասը:

“Երբ նայում էինք 1938թ. ԶԱԳՍ-ի արխիվի գործերը, այնտեղ գտանք, որ ոչ միայն 1938թ. փետրվարի 22-ին պարոն Փելեշյանը ծնվել է Գյումրի քաղաքում, այլ նա ծնվել է 24 փողոցի 25 տանը: Երեկ մեզ հաջողվեց շատ մեծ դժվարությամբ պարզել, քանի որ 75 տարվա ընթացքում քաղաքում փոխվել են փողոցներն ու հասցեները, որ Դուք ծնվել եք քաղաքապետարանից 100մ հեռավորության վրա` ներկայիս Սպանդարյան փողոցում, մի հին, գեղեցիկ, գյումրվա ոճով կառուցված տանը”, – փոխանցեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի ժ/պ Արտաշես Կարապետյանը:

“Էս է իմ քոթուկը, տեսնում եք, ոչինչ չի գրված, ջնջվել է ամեն ինչ”, – մտահոգ, մրոտված թուղթը ցույց տալով նշեց Փելեշյանը:

“Դուք այսօր կստանաք Ձեր նոր ծննդականը և այդ քոթուկի լուսապատճենը, որտեղ ձեռագրով գրանցված է Ձեր մայրիկի, հայրիկի անուն-ազգանունները, իրենց բնակության վայրերը…”, – Արտավազդ Փելեշյանին հայտնեց մշակույթի բաժնի պետը:

Հավելենք, որ կինոռեժիսորի պատվին տոնական Գյումրիում միջոցառում էր կազմակերպվել:

Tags: