Հնդկաստանում առնվազն 22 երեխա է մահացել, իսկ 25-ը ծանր վիճակում են դպրոցում միջատասպան նյութ պարունակող ուտելիքներ ուտելուց հետո

India-Schoolchildren receive treatment at a hospital after falling ill soon after eating free school meals1Այսօր Հնդկաստանի իշխանությունները տեղեկացրել են, որ դպրոցում բաժանված անվճար ճաշից, որի մեջ մեծ քանակությամբ միջատասպան նյութ է եղել, մահացել է 22 երեխա, շատերը վատ վիճակում են:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է քիմիական նյութը հայտնվել Բիհար նահանգի դպրոցներից մեկում պատրաստված սննդի մեջ՝ չնայած պետական պաշտոնյաներից մեկը հայտնում է, որ հնարավոր է՝ նախքան պատրաստելը, սնունդը ինչպես հարկն է չեն լվացել:

Երեկ Բիհար նահանգի գյուղերից մեկի դպրոցում ճաշելուց հետո 8-11 տարեկան երեխաները վատացել են, որից հետո դպրոցի ղեկավարները անմիջապես դադարերեցրել են ճաշի մատուցումը:

Երեխաներից 22-ը մահացել են, ևս 25-ը և խոհարարը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց մի մասը ծանր վիճակում է:

Դեպքի կապակցությամբ հարյուրավոր գյուղացիներ կատաղի ցույցեր են կազմակերպել, որոնց ընթացքում այրվել են չորս ոստիկանական մեքենա:

Իշխանությունները աշխատանքից հեռացրել են դպրոցի անվճար սննդի համար պատասխանատուին, իսկ դպրոցի տնօրենը փախուստի մեջ է գտնվում:

Հնդկաստանում իրականացվող կեսօրյա ճաշի ծրագիրը աշխարհի ամենախոշոր դպրոցական սննդային ծրագրերից մեկն է:

Սկզբնական շրջանում ծրագիրը կիրառվել է երկրի հարավային շրջաններում, որը ծնողների համար դրդապատճառ էր հանդիսանում երեխաներին դպրոց ուղարկելու համար:

Այնուհետև ծրագիրը կիրառվել է երկրի ամբողջ տարածքում և իր մեջ ընդգրկում է շուրջ 120 միլիոն երեխա՝ այս կերպ որոշ չափով լուծելով թերսնման խնդիրը:

Կառավարության տվյալներով՝ ամբողջ հնդիկ երեխաների գրեթե կեսը տառապում է թերսնումից: