Ֆրանսիայում գործող «Երիտասարդ սոցիալիստներ» շարժման աջակիցներից մեկը «Facebook»-յան իր էջում թուրքերին այսպիսի հարց է ուղղել՝ «Ի՞նչ եք մտածում Հայոց ցեղասպանության մասին»: Այնուհետև հարցատիրոջը ինչ-որ մեկը անձնական նամակ է գրել, նշելով, որ «Հայոց ցեղասպանություն չկա»: Ի պատասխան սրան՝ «Երիտասարդ սոցիալիստներ» շարժման անդամներից մեկը արդեն «Facebook»-յան իր էջում մի գրություն է արել, որով դատապարտել է ցեղասպանության ժխտումը: Կարճ ժամանակ անց այս գրությունը ջնջվել է «Facebook»-ի ղեկավարության կողմից, ինչպես նաև 12 ժամով արգելափակել է օգտատիրոջ էջը:
Թուրքական «Milliyet»-ը գրում է, որ «Երիտասարդ սոցիալիստներ» շարժման առաջնորդ Թիերի Մարշալ-Բեքը նամակ է գրել Ֆրանսիայում «Facebook»-ի տնօրենին՝ պահանջելով բացատրել իր գրությունը հանելու պատճառը, ինչպես նաև վերացնել իր էջի արգելափակումը: Մարշալ-Բեքը այս թեմայով զրուցել է ֆրանսիական «La Lab» կայքի հետ՝ նշելով. «Մենք զարմացած ենք, որ ցեղասպանության վերաբերյալ գրությունը գրաքննության է ենթարկվել: Մեր գլխում որոշ հարցեր են ծագել, չենք հասկանում, թե ինչու են ջնջել այդ գրությունը»:
Նշենք, որ «Երիտասարդ սոցիալիստներ» շարժումը, որը իր գործունեությունը սկսել է 1993 թվականին, վայելում է նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությունը:
