Շոտլանդիայի հնագույն թաղման բյուրոն`John Fraser & Son-ը հաճախորդներին նորույթ է առաջարկում. սա սգո ծառայությունների առաջին գործակալությունն է, որ բրդյա դագաղներ է առաջարկում:
130-ամյա պատմություն ունեցող ընտանեկան ձեռնարկությունը, որը գտնվում է շոտլանդական Ինվերնես քաղաքում, էկոլոգիական թաղման գործակալությունների ասոցիացիայի անդամ է: Այս կազմակերպությունը միավորում է ծիսական ծառայությունների բյուրոն, որը ցանկանում է թաղումը քիչ վնասակար դարձնել շրջակա միջավայրի համար:
Յուրաքանչյուր նման դագաղը պատրաստվում է Յորքշիրի տեքստիլ ձեռնարկությունում, որը գոյություն ունի ավելի քան 230 տարի: Այն պատրաստվում է բնական բրդից, որն արտադրվում է Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև վերամշակված ստվարաթղթից ու օրգանական բամբակից: Դագաղները երկու գույնի են` շագանակագույն ու սպիտակ: Դագաղի վրա հանգուցյալի անունով ցուցանակի տեղ կա, իսկ դրա հենքը կենսաքայքայվող, ջրամերժ նյութից է:
Բրդյա դագաղներն ավելի ու ավելի մասսայական են դառնում, դրանց պահանջարկը մեծանում է զգալիորեն: Ու դա վկայում է, որ մարդիկ բնության հանդեպ գիտակից վերաբերմունք են դրսևորում:
Ի դեպ, սա էկոլոգիական դագաղ ստեղծելու միակ փորձը չէ: Իտալացի դիզայներներն արդեն պատրաստել են մի դագաղ օսլայից ու պլաստիկից, որը ձվի տեսք ունի: Հանգուցյալը դրա մեջ սաղմի դիրք է ընդունում: Ըստ իտալացիների մտահղացման, դագաղը հողի մեջ է մտնում սոխուկի նման, իսկ դրա վրա հուշարձանի փոխարեն ծառ է տնկվում: Մտահղացման հեղինակները կարծում են, որ ձու-դագաղը կվերացնի մահվան ու թաղման հետ կապված բոլոր տաբուներն ու կարծրատիպերը:
Tags: թաղում