«100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է». Բաբկեն Պիպոյան

timthumb«Աշխարհի բոլոր երկրներում վճարելու հարմարավետությունը հօգուտ սպառողի է: Քաղաքացիական հասարակության աջակցությունը պետք է: Վարորդները բարյացակամ վերաբերմունք կցուցաբերեն ուղեւորների հանդեպ: Ճիշտ է` վատ է իրականությունը, բայց հնարավոր է միջոցներ ձեռնարկել 150 դրամ չվճարելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրանսպորտի թանկացման պատճառաբանությունների ուռճացման ու նոր բացահայտված մանրամասների մասին նշեց «Իրազեկ եւ պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Բանախոսի պնդմամբ` առաջին կոնֆլիկտային իրավիճակը ստեղծվում է  վարորդի եւ սպառողի միջեւ, որոնք ամենաքիչ մեղավորներն են. «Հարկերը վճարում է ՀՀ քաղաքացին, Երեւան քաղաքի բյուջեն միայն լցվում է: Մենք ոչ թե գործարարներ ենք ունեցել, այլ առաքյալներ, ովքեր իրենց սուրբ պարտքն են կատարել, սա աբսուրդ է: Այս վատ նկարչության մեջ ամեն ինչ ուռճացված է, չի կարելի մոլորեցնել ժողովրդին. 100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է»:

«Հասարակական տրանսպորտը 100 դրամ» հասարակական նախաձեռնության հիմնադիր-անդամ Լուսինե Մնացականյանի խոսքով` իրենց նախաձեռնությունը պատրաստել է հանրային կուպոններ՝ թղթից, որի վրա գրված է 50 դրամ. «Մեր վարորդները մեծ մասամբ կիրթ եւ հասկացող մարդիկ են: Մեր նախաձեռնությունն ուղղված չէ վարորդին, այն, ինչ  արվում է, արվում է եʹւ վարորդի, եʹւ հասարակության դեմ, մենք պաշտպանում ենք մեր իրավունքները: Իր գծատիրոջը վարորդը կտանի եւ ցույց կտա, որ հասարակությունը հրաժարվում է վճար կատարելուց»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Tags: