«Ավելի մաքուր Երևան` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում»

002Մայրաքաղաքի հանգստի մի շարք գոտիներն ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերն ավելի մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով՝ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների մասնակցությամբ <<Ավելի մաքուր Երևան>> կարգախոսով ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքներ են իրականացվել <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում:

Հնավայրի տարածքից թափոնների հեռացման աշխատանքներին ներգրավվել են աղբատար և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ: Երևանի քաղաքապետարանը հոգացել էր նաև մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաների ապահովումը:

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս մաքրման  աշխատանքներ են իրականացվել 4 վայրերում, ուր տարածքները բերվել են պատշաճ տեսքի: Սա, ըստ վերջինիս, կնպաստի, որ քաղաքացիները ավելի ուշադիր և հոգատար լինեն հարազատ քաղաքի նկատմամբ:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության և իրականացված աշխատանքների համար, նշել է, որ հատկապես ամռան այս շրջանում, երբ թանգարան շատ են այցելում զբոսաշրջիկները, մաքրման գործում աջակցությունը տեղին էր և կարևոր՝ տարածքի պահպանման տեսանկյունից:

Նախատեսվում է  <<Ավելի մաքուր Երևան>> ծրագրի շրջանակում հաջորդ շաբաթ մաքրման աշխատանքներ իրականացնել  <<Փարոս>> անտառպուրակի տարածքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: