Թուրքական «Ռադիկալը» պատմում է 52 տարի առաջ տնից դուրս եկած և վերջերս հայտնված մի կնոջ մասին: Կանադայի արևմուտքում գտնվող Բրիթիշ Կոլումբիա նահանգում 1961 թվականից Լուսի Ջոնսոնը տնից դուրս է գալիս և անհետանում՝ առանց որևէ լուր հաղորդելու իր մասին: Բոլորը կարծում են, թե նրան սպանել է ամուսինը՝ Մարվին Ջոնսոնը: Վերջինս կնոջ կորելու մասին 4 տարվա ընթացքում ոստիկանությանը չէր հայտնել, այդ պատճառով էլ բոլոր կասկածները նրա վրա են ընկնում: Տարիներ առաջ գործը վարած ոստիկանը պատմել է, որ ժամանակին Մարվին Ջոնսոնին ձերբակալել են սեփական կնոջը սպանելու մեղադրանքով և նույնիսկ դիակը գտնելու նպատակով փորել են նրանց տան ետևի այգին:
1990 թվականին Մարվին Ջոնսոնի մահից հետո նրանց աղջկա՝ Լինդայի խնդրանքով կրկին բացվում է անհայտ կորած կնոջ գործը: Առանց մոր մեծացած աղջկա միակ երազանքը մեկ օր նրան նորից հանդիպելն է դառնում: Լինդան սկսում է ամենուր ուղարկել մոր լուսանկարը, հրապարակել դրանք մամուլում, փակցնել քաղաքի փողոցներում: Վերջապես ոստիկանությունը մի հաղորդագրություն է ստանում, որը փոխանցում է Լինդա Ջոնսոնին: Ոստիկանությունից ստացած հասցեում Լինդան գտնում է 52 տարի առաջ հեռացած մորը:
Այժմ 77 տարեկան Լուսի Ջոնսոնը մեկ այլ տղամարդու հետ է ամուսնացել և չորս երեխա ունի: Հետաքրքիր է, որ Լինդան ամենևին էլ բարկացած չէ մոր վրա, ընդհակառակը, հույս ունի անդամագրվել նրա նոր ընտանիքին: Լինդան գումար է հավաքում Կանադայի հյուսիսում գտնվող Յուկոնի շրջան մորը տեսության գնալու համար և անհամբեր սպասում է այդ պահին:
Tags: Կանադա
