Եթե հայտնվել եք ֆուտբոլի պատանիների Gothia Cup միջազգային մրցույթին, որն անց է կացվելու Շվեդիայի Գեթեբորգ քաղաքում, ապա բոլոր շանսերն ունեք խմելու ձեր սեփական քրտնքից մշակված ջուրը: Ովքեր շատ ջուր խմելու մեծ ցանկություն կունենան, նրանց համար այստեղ տեղադրվել են հեծանվամարզասարքեր: Շվեդացի ինժեներների թիմը հայտնագործել է “քրտնասարք”,որը հավաքում է քրտինքը խոնավ հագուստից, ապա այն մաքրում ու զտում` վերածելով խմելու համար պիտանի ջրի: Իսկ եթե կարծում եք, որ բավարար քրտնած չեք, ապա ձեզ կառաջարկվի հեծանվամարզասարք` քրտնելու համար:
Գաղափարը տեղի փիար-գործակալությանն է, որը համագործակցում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Նրանց խնդիրն է` գրավել այն երկրների ուշադրությունը, որտեղ խմելու ջրի խնդիր կա: Gothia Cup-ի կայքի համաձայն, ամեն անգամ, երբ մարդիկ կփորձեն խմել մաքրված քրտինք, նախագծի հովանավորները որոշակի գումար կնվիրաբերեն Երրորդ աշխարհի երկրներում ջուրը զտող հաբերի ստեղծման համար:
Իսկ “քրտնասարքը” դժվար թե կիրառվի այդ տարածաշրջաններում, քանի որ մեկ լ խմելու ջուր ստանալու համար սարքի մեջ հարկավոր է լցնել տասն անգամ ավելի քրտինք: Դժվար թե այն արդյունավետ միջոց դառնա ջրի անբավարարության պայմաններում:
Tags: հայտնագործություն