Երևանում նորոգվում է 50-ից ավելի մշակութային, ուսումնական և այլ հաստատություններ

001Երևան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։

Տարեկան ծրագրում ներառված հաստատությունները որոշվել են ըստ նորոգման անհրաժեշտության գնահատման առաջնայնության, որի շրջանակում առաջնահերթությունը տրվել է նախ տանիքների, ապա կոյուղագծերի և սանհանգույցների անհապաղ նորոգման խնդիրներ ունեցողներին։ Ըստ այդմ սահմանված չափորոշիչներով ծրագրում ընդգրկվել են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության 16 գրադարաններ։

Մշակութային և առողջապահական մի շարք հիմնարկությունների շենքերի ջեռուցման աշխատանքների կազմակերպման շրջանակում իրականացվում են նաև նոր լուսամուտների, դռների տեղադրման և ջերմամեկուսացման այլ աշխատանքներ, ինչպես նաև ջեռուցման համակարգերի անցկացման ու ընդլայնման ներքին հարդարման աշխատանքներ։ Ի դեպ, ջեռուցման ծրագրում ներառվել են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Կ. Դեմիրճյանի անվան թանգարանը։

Մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների նորոգման 2013 թվականի տարեկան ծրագրում ընդգրկված են նաև 4 երաժշտական դպրոցներ, 2 պոլիկլինիկաներ, 2 մշակութային օբյեկտներ՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Նոր Նորք մշակույթի կենտրոնի շենքերը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: