Ֆրանսիայում իսլամաֆոբիան գնալով աճում է

frans  Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեմ գործող կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որ 2011 թվականի համեմատությամբ 2012 թվականի տվյալներով երկրում աճել են մուսուլմանների նկատմամբ բռնության և սպառնալիքի դեպքերը: Նման աճի պատճառը միությունը համարում է ԶԼՄ-ներում մուսուլմանների մասին տարածվող բացասական լուրերը: Այսպես երկար ժամանակ լուրերում տեղ էին զբաղեցնում ֆրանսիացի երեք զինվորականի և Թուլուզի հրեական դպրոցում չորս մարդու՝ այդ թվում երեք երեխայի գնդակահարած ահաբեկիչ Մուհամադ Մերայի գործի մասին պատմող հրապարակումները:

«Անադոլու» գործակալությունը վկայակոչում է Ֆրանսիայի Միություն ազգային շարժման համար կուսակցության առաջնորդ Ժան Ֆրանսուա Կոպեի հայտարարությունը, թե երկրում քիչ չեն դեպքերը, երբ փողոցում մուսուլման երեխաների ձեռքից բլիթներ և այլ ուտելիք են խլում այն պատճառաբանությամբ, թե Ռամադանի ժամանակ ցերեկը չի կարելի հաց ուտել: Նշվել է նաև, որ միայն վերջին շրջանում 15 հարձակում է իրականացվել հիջաբով մուսուլման կանանց վրա: