Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գտնում է, որ Տարոն Մարգարյանը պետք է ներողություն խնդրի երևանցիներից, չեղյալ հայտարարի տրանսպորտի գների բարձրացման որոշումը և աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտը կարգավորող բոլոր պաշտոնյաներին: Ըստ նրա՝ լավ կլինի, եթե քաղաքապետը դա անի մինչև «Տարոն սիրուն չի» իրավիճակին հասնելը: Էդիկ Բաղդասարյանը այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում կատարել է ևս երկու գրառում.«Այսօր Ավանից ավտոբուսով իջա: Հասկացա որ ավտոբուսի մեջ մեկը պետք է լինի, որ խոսի ուղեվարձի բարձացման մասին, որպեսզի մարդիկ չվճարեն: Մեր ավտոբուսում մի կին կար, սկսեց խոսել այդ թեմայով: Ասաց, որ ինքը չի ուզում Հայաստանը լքել և վճարելու է 100 դրամ: Վարորդը թե` բա ես որտեղից վճարեմ մնացածը: Կինը ասաց` պետք չի վճարել, դուք ընդամենը ասեք, որ մարդիկ չեն վճարել: Եւ ավտոբուսի տարբեր հատվածներից սկսեցին վարորդին բացատրել, հասկացնել, որ ինքն էլ պիտի պայքարի: Ավանից իջնող ավտոբուսն է: Ավտոբուսն էլ անցնում է քաղաքապետի առանձնատան դիմացով: Քաղաքապետի առանձնատան դարպասի դեմը կանգնած են երկու մեքենա, մեկի մեջ թիկնապահներն են: Այդքան էլ այդպես չէ, երբ ասում են՝ Ավանում Տարոնին սիրում են, այս ավտոբուսում ինչ ասես չէին ասում նրա մասին: Ու շրջանային չհասած ավտոբուսը նմանվեց «եռացող կաթսայի»: Ու այդ ավտոբոսի մեջ մեկը չկար, որ պաշտպաներ Տարոնին: Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակիցները ծառայողական մեքենաներ չպետք է ունենան և այդ միջոցները, որ այսօր հատկացված է այդ նպատակով, պետք է ուղղվեն քաղաքային տրասպորտի վրա: Ժամանակն է՝ շփվեք սովորական մահկանացուներիս հետ»։
