Եթե «Զինուժ»-ը բանակի հետ որևէ աղերս «չունի», ապա Մութաֆյանը «Զինուժ»-ի հետ հաստատ ինչ-որ աղերս ունի

«Զինուժ»Լիովին հասկանալի և ողջունելի է, երբ մտավորական անձնավորությունը հանրությանն իր առողջ, սրտացավ ու հիմնավորված նկատառումներն է ներկայացնում երկրում առկա հասարակական որևէ խնդրի կամ երևույթի վերաբերյալ: Դա, ինչ խոսք, իսկական մտավորականի, իսկական քաղաքացու կեցվածք է:

Սակայն, ինչպես բնորոշել մտավորական համարվող անձնավորության այն «նկատառումները», որոնք սնվում են ոչ թե իրականությունից, ոչ թե քաղաքացու սրտացավ վերաբերմունքից, այլ մերժված մարդու ունեցած չարությունից, մանրախնդրությունից… Կարծում ենք` այդ «նկատառումներն» անգամ որպես հերյուրանք կոչելն ուղղակի շատ մեղմ է:

Այսպես` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանը վերջին շրջանում թիրախ է դարձրել ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագիրը: Հուլիսի 21-ին էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարելով հերթական «գրառումը»` պարոն Մութաֆյանը «որպես ռեժիսոր, որպես հեռուստաօպերատոր, որպես լրագրող և որպես գիտատեխնիկական առաջընթացի մասնագետ» պարզապես «քարը քարի վրա չի թողել»` համոզմունք հայտնելով, որ «Զինուժ» հեռուստածրագիրը «որևէ աղերս չունի մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ»:

Ուղղակի անիմաստ համարելով «մտավորականի» թվարկած անհեթեթ «նկատառումներին» մեկ առ մեկ անդրադառնալը` այնուամենայնիվ մատնանշենք մի քանի իրողություն: «Զինուժ» հեռուստածրագրի ոչ միայն մյուս, այլև հենց այն թողարկումը, որը դիտել է պարոն Մութաֆյանը (խոսքը 2013թ. հուլիսի 20-ի թողարկման մասին է), լիովին հերքում է նրա իսկ գրառման վերնագիրը` ««Զինուժ» հաղորդումը որևէ աղերս չունի մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ»:

Մյուս կողմից արձանագրելով, որ վերջին շրջանում մեր բանակում լուրջ տեղաշարժեր ու նորացումներ են եղել, պարոն Մութաֆյանն ուղղակի չի գիտակցում, որ «Զինուժ» հեռուստածրագրի անձնակազմն էլ հենց այդ` տարածաշրջանում ամենամարտունակ բանակի մի մասնիկն է: Միայն նշենք, որ հեռուստածրագրի նկարահանող խմբերը յուրաքանչյուր շաբաթ հարյուրավոր կիլոմետրեր են կտրում` հասնելով ՀՀ ԶՈՒ ամենահեռավոր զորամասերն ու հայ-ադրբեջանական սահմանագոտու բարձունքներին և հարթավայրերում տեղակայված մարտական հենակետերը` արտացոլելով մեր սպայի ու զինվորի, այսինքն` երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործընթացում մեր բանակի մեծագույն դերն ու նշանակությունը:

Ինչ վերաբերում է պարոն Մութաֆյանի այն  «նկատառմանը», թե «Զինուժ»-ը չի իրականացնում ռազմահայրենասիրական քարոզչական խնդիրներ, ապա նրան խորհուրդ կտայինք ոչ թե ժամանակ առ ժամանակ դիտել հեռուստածրագրի թողարկումները, այլ պարբերաբար: Ի դեպ, պարոն Մութաֆյանին տեղեկացնենք, որ վերջին տարիներին «Զինուժ» հեռուստածրագիրը ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում ճանաչվել է որպես լավագույն հեռուստածրագիր:

Այն, թե «Զինուժ» հեռուստածրագիրն ինչ աղերսներ ունի «մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ», թողնենք հազարավոր հեռուստադիտողների դատին: Հեռուստադիտողներ, որոնց անշուշտ նաև  կհետաքրքրի, թե պարոն Մութաֆյանն ինչ աղերս ունի «Զինուժ» հեռուստածրագրի հետ: Բանն այն է, որ ՀՀ վաստակավոր արտիստը ս/թ մայիսին նամակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին` խնդրելով, որ իր որդին` Նարեկ Լևոնի Մութաֆյանը, ով ավարտել է ԵԹԿՊԻ-ի վավերագրական կինոյի բաժինը, որպես լրագրող իր պարտադիր ժամկետային զինծառայությունն անցկացնի ՊՆ ՏՀԿՎ «Զինուժ» հեռուստածրագրում: Զինակոչիկը, բնականաբար, հրավիրվել է ՊՆ ՏՀԿ վարչություն, որտեղ կատարել է գործնական հանձնարարություն` գրելով ոչ թե լրագրողական տեքստ, այլ միջին դասարանի աշակերտի շարադրություն: Ըստ այսմ` հետաքրքիր է, թե ՀՀ պաշտպանության նախարարին սրտաճմլիկ նամակ գրելիս ինչ էր մտածում պարոն Մութաֆյանը, երբ իր որդին լրագրողական կրթություն կամ լրագրողի աշխատանքային փորձ չուներ: Միթե այդ ժամանակ նա չէր մտածում (կամ թերևս «Զինուժ» հեռուստածրագրի հերթական թողարկումը չէր դիտել), որ 21-րդ դարի ժուռնալիստիկայի ասպարեզում «փայլատակող» իր որդուն ցանկանում էր ուղարկել այն կառույց, որտեղ «լրագրողները չեն անցնում բանվորագյուղացիական հետաքրքրությունների սահմաններից»:

Հետաքրքիր է նաև, որ եթե նրա որդին տիրապետեր ժուռնալիստիկայի հիմունքներին և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչվեր «Զինուժ» հեռուստածրագիր, ապա այդ պարագայում պարոն Մութաֆյանը ինչպես կգնահատեր հեռուստածրագրի ռեժիսուրան, օպերատորների և լրագրողների աշխատանքը: Համոզված ենք` պարոն Մութաֆյանի գնահատականներն այդ դեպքում բոլորովին այլ  կլինեին…

Քավ լիցի, «Զինուժ» հեռուստածրագրի անձնակազմը պարոն Մութաֆյանի գովասանքների կարիքը չունի: Հանրությունն ինքն է առավել հստակ ու ճշգրիտ գնահատում «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները, և պարոն Մութաֆյանը կարող է նեղություն չկրել իր տարտամ «հերյուրանք-նկատառումներով» հասարակությանը շեղելու համար:

Ըստ այսմ` թերևս պարզ է, թե որտեղից են սնվում պարոն Մութաֆյանի մանրախնդիր  «հերյուրանք-նկատառումները»:

 

ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Tags: