Հայ-թուրքական ուսանողական նախաձեռնությունը նոր փուլ է թևակոխում

IMG_0748  Թուրքական «Yeni şafak» լրատվական կայքը անդրադարձել է Հայաստանի ուսանողական ասոցիացիայի և Թուրքիայի ուսանողական խորհուրդի համատեղ նախագծին: Կայքը, հավատարիմ մնալով թուրքական լրատվամիջոցներին հատուկ ձեռագրին, ուսանողական համագործակցությանը տվել է քաղաքական աստառ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների ուսանողական ներկայացուցչական մարմինների միջև համագործակցությունը սկսվել է անցած տարվա նոյեմբեր ամսին, լրագրողը այն կապում է Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրինագծի քննարկման հետ: «Անկախ»-ը, պարբերաբար լուսաբանելով այս նախագծի ընթացքը, կապ հաստատեց ծրագիրը իրականացնող երկու կողմերի հետ:

Մասնավորապես ծրագրի հեղինակ 5 ուսանողներից մեկը հանդիսացող Էլիֆ Շահինը «Yeni şafak»-ին տված իր հարցազրույցում պատմել է նախաձեռնության մանրամասների մասին: Շահինը մասնավորապես նշել է, որ ծրագրի շրջանակներում այս ամսվա վերջին 4 հայ ուսանող մեկ ամսվա ընթացքում կմասնակցեն Ստամբուլի Օզյեղին համալսարանի ամառային դպրոցին, հնարավորություն կունենան ստաժավորում անցնել հասարակական կազմակերպություններում: Իսկ օգոստոս ամսին նախատեսվում է թուրք ուսանողներ ուղարկել Հայաստան:

Թեմայի շուրջ «Անկախ»-ը զրուցեց նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցի հետ: Վերջինս հաստատեց, որ Թուրքիայի ուսանողական խորհրդի հետ շուտով իրականացվելու է ուսոնողական փոխանակման ծրագիր, որի շրջանակներում երկու երկրների ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ամառային դպրոցի: Խոսելով հարցի քաղաքական կողմի մասին՝ Ասատրյանցը ընգծեց, որ նախաձեռնությունը բացառապես հասարակական բնույթ է կրում, չունի քաղաքական որևէ բովանդակություն և ենթատեքստ, ուսանողական միությունների երկկողմ շփումներն ու համագործակցությունը ոչ մի առնչություն չունեն Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականոցնող օրինագծի կամ այլ հարցերի հետ: ՀՈՒԱԱ-ն ապաքաղաքական  է և անկախ ուսանողական ներկայացուցչական մարմին: Այլ հարց է, որ թուրքական մամուլը առիթը բաց չի թողնում հերթական անգամ քաղաքականացնելու հարցը: Ասատրյանցը նշեց նաև, որ հայ ուսանողները Թուրքիայում կանցկացնեն ոչ թե մեկ ամիս, այլ երկու շաբաթ: