«Ցուցասրահում նոր գործեր շատ կան, դրանցով կիսվում եմ այն մարդկանց հետ, ով սիրում է արվեստը: Հայաստանում վերջին անգամ 33 տարի առաջ էի ցուցահանդես կազմակերպել»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչ Վան Սողոմոնյանը:
Նրա պնդմամբ ցուցադրված են 37 նկարներ եւ 6 քանդակ.
«Նկարիչը ամեն բան պետք է կարողանա անել, եթե ինձ մոտ այս երկուսն էլ ստացվում է, ուրեմն ես հանճարեղ եմ: Նկարը ծնվում է այնպես, ինչպես այդ րոպեին ես զգում եմ, ինչպես մտնում է գլխիս մեջ պատկերում եմ: Արտահայտում եմ մարդկային էմոցիաներ, կյանք, դաժանություն, այսօրվա օրը: Լավ նկարիչը ամեն տեղ էլ ճանաչելի ու սիրելի է»:
Գեղանկարիչի խոսքով այսօրվա օրը հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ դաժան է: Պաշտոնյաներն ավելի են դաժանացնում եւ դժվարեցնում ապրելը, թե չէ շատ լավ էլ հնարավոր է.
«Օլիգարխները պետք է մի օր հասկանան, որ միայնակ են մնալու: Ահավոր է քաղաքի վիճակը»:
Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր ներկայացնում են կտավների եւ օբյեկտների համադրություն.
«Նկարները բավականին հետաքրքիր են, արտահայտում են նկարչի հայացքը աշխարհի, բնության, մարդկանց հանդեպ: Նկարիչը կայացած է, երբ ունի ուրույն ձեռագիր` պրն. Սողոմոնյանն ապրում է Գերմանիայում, սակայն նկարները հայեցի են ու հայկական: Լավ արվեստագետի հետ աշխատելը միշտ էլ պատիվ է ինձ համար»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Վան Սողոմոնյան
