Ոչ 150 դրամին, օր 6-րդ. բողոքի ակցիա կառավարության շենքի առջև (լուսանկարներ, տեսանյութեր)

DSCN8525Այսօր մինչ կառավարությունը նիստ էր անցկացնում, կառավարության շենքի դիմաց քաղաքացիները բողոքում էին Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումից: «Մեզ մի կթեք», «Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում», «Ուղեվարձը 100 դրամ», «Արժանապատիվ կյանք մեր վարորդներին» և այլ պաստառներով ցուցարարները գործադիրին կոչ արեցին քայլեր ձեռնարկել` վերականգնելու Երևանի բնակիչների խախտված իրավունքները:

Նրանք նաև հայտարարեցին, որ դեմ կլինեն, եթե 100 դրամ ուղեվարձն ապահովվի պետբյուջեից սուբսիդիաների հատկացման հաշվին:

Մի տարեց կին, որ նախորդ բողոքի ակցիաներից հայտնի է որպես «ՀՀԿ-ական տատիկ», փորձեց սադրել հավաքվածներին` ակցիային քաղաքական երանգ հաղորդելով: Սակայն ակտիվիստները պարզապես անտեսեցին սադրիչ տատիկին` հայտարարելով, որ իրենց շարժման հետևում որևէ քաղաքական ուժ չկա կանգնած և իրենք շարքային քաղաքացիների ձայնն են բարձրացնում:

Բողոքի ակցիային մասնակցում էին շուրջ 200 քաղաքացիներ:

«Չենք վճարելու 150 դրամ» շարժման մասնակիցներից Աշոտ Խաչատրյանը «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի մասնակիցները Երևանի տարբեր շրջաններում շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել և իրազեկել քաղաքացիներին` կոչ աբելով  100 դրամ  ուղեվարձ վճարել, այդ պատճառով էլ քիչ են:

«Չկա որևէ միջոցառում, որին պետք է բոլորը գան: Դրվում է ինֆորմացիան, ով ցանկանում, գալիս է: Շատ ապակենտրոն է մեր շարժումը, քանի որ չկա կոնկրետ կազմակերպիչ,- ասում է Խաչատրյանը, հավելելով, որ ապակենտրոնությունն իրենց ավելի ուժեղ է դարձնում` ոստիկանները չեն հասցնում իրենց հետևից, իրենք էլ համեմատաբար ավելի լայն շրջանակների են իրազեկում:

 

Tags: , ,