Երևանյան լճում անցկացված բայդարկա և կանոե թիավարության Հայաստանի առաջնության 70 մասնակիցները ներկայացնում էին Երևան , Հրազդան , Սևան քաղաքները և Արմավիրի մարզի Ապագա Գյուղը:
Բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ Երևանի թիավարության ՄՊՄԴ-ի սան Վլադիմիր Ալավերդյանը : Նա առաջինը ճանաչվեց 200 և 1000 մետր ` մեկ տեղանոց, երկտեղանոց / Ռազմիկ Գևորգյանի ընկերակցությամբ և չորս տեղանոց / Ռոման Պալատայանի , Էդգար Գրիգորյանի և Ռազմիկ Գևորգյանի ընկերակցությամբ / բայդարկավարների մրցումներում:
Կանոե մրցաձևում առավել հաջող հանդես եկավ նույն մարզադպրոցի սան Հայկ Ստեփանյանը , որը հաղթեց մեկտեղանոց / 200 մ. / և երկտեղանոց ` 1000 մ / Սերյոժա Գրիգորյանի ընկերակցությամբ / նավակների մրցումներում:
Մեկտեղանոց կանոեավարներից 1000 մ մրցածատարածությունում անգերազանցելի էր Սևանի ջրային մարզաձևերի ՄԴ -ի սան Իշխան Նազարյանը: Նույն մրցատարածությունում երկտեղանոց նավակների մրցումներում կրկին հավասարը չունեցան Երևանի նշված մարզադպրոցի ներկայացուցիչները` Հայկ Ստեփանյանը և Սերյոժա Գրիգորյանը:
Առաջնության արդյունքներով կազմվեցին տարիքային տարբեր խմբերի հավաքականներ : Պատանիները նախապատրաստվում են ` Տորոնտոյում, իսկ ազգային հավաքականը` Գերմանիայում, համապատասխանաբար հուլիսի և սեպտեմբերի վերջերին նախատեսված աշխարհի առաջնություններին:
Հայաստանի թիավարության ֆեդերացիան իր առջև խնդիր է դրել բարձրացնել մեր առաջատար մարզիկների վարպետությունը, որպեսզի մասնակիցներ ունենանք 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում:
Tags: սպորտ
