«Չենք վճարելու 150 դրամ» ակցիային միացած Վահան Քերոբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

քերոբյան«Վերջին օրերի իրադարձությունների կիզակետը, կարծես թե անցավ եւ վերականգնվեց ստատուս քվոն մինչեւ քաղաքապետարանի կողմից նոր, համապարփակ եւ իսկապես պրոֆեսիոնալ մշակված համակարգի ներկայացումը հանրության դատին: Երեւանի քաղաքապետարանի, ու առաջին հերթին քաղաքապետի կարեւորագույն խնդիրն է լինելու ներկայացնել իսկապես վստահելի հայեցակարգ, որն արտահայտում է Երեւանցիների շահերը, եւ ուղղված է թե հետիոտների, թե վարորդների շահերի պաշտպանմանը, ուղեւորափոխադրումների որակի եւ արագության բարձրացմանը, համակարգի թափանցիկությանը, բազմաթիվ այլ խնդիրների լուծմանը:

Այս պարագայում քաղաքապետարանի թիվ մեկ խնդիրն այս պահին հանրության վստահությունն այս գործընթացի նկատմամբ վերականգնելն է: Ակնհայտ է, եւ հիմար պետք է լինել հակառակը կարծել, որ երեւանցին այսօր չի վստահում քաղաքապետարանի բոլոր այն պատասխանատուներին, ում գործառութային ոլորտում է գտնվում այդ շահերի պաշտպանությունը:

Ես չեմ ուզում խոսել իր վերջին օրերի պահվածքի մասին, իր արած հայտարարությունների, իր գործողությունների մասին: Ես խոսում եմ պարզապես այն մասին, որ նա մերձավոր ընտանեկան շահ ունի նույն տրանսպորտի ոլորտում, եւ հետեւաբար չի կարող անկաշառ վերաբերմունք ունենալ այս ոլորտի նկատմամբ: Եվ թող որեւէ մեկը անմեղ գառ չձեւանա այս հարցում, թե իբր ինչ կապ ունի, քանի որ եթե կապ չունենար, այդ տեղում այդ բարեկամը, որդին, եղբայրը, եղբորորդին ուղղակի այդ տեղում չէին լինի: Ես ինքս անձամբ իմ սեփական փորձից գիտեմ, որ անկաշառ լինելու համար առաջին հերթին պետք է ազատ լինես անձնապես: Եթե օրինակ, կարիք լինի մի դատական գործ սկսել իր եղբորորդու, կամ իր որդու ընկերությանդ դեմ, Հայաստանում քանի հայ մարդ կարելի է գտնել, որ դա կանի: ԶՐՈ! Ուստի, նման մարդու կողմից հետագայում ներկայացվելիք կամայական ծրագիր, թեկուզեւ դա լինի տիեզերական մասշտաբի աշխատանք, իսկզբանե դատապարտված է ձախողման:

Քաղաքապետի ամենաքաջ եւ ամենախելացի քայլն այս պարագայում պետք է լինի այդ պաշտոնից հեռացնել վստահություն չվայելող մարդուն, եւ նշանակել այնպիսի մարդու, որի նկատմամբ հասարակությունը մաքսիմալ վստահություն ունի: Պարզապես նրա համար, որ վեց ամիս կամ մեկ տարի հետո չկրկնվի այն, ինչ եղավ այս շաբաթ: Եվ ես վստահ եմ, որ Երեւանի քաղաքացին կընկալի այդ քայլը ոչ թե որպես հաղթանակ քաղաքապետի նկատմամբ, այլ քաղաքապետի կողմից վստահությունը վերականգնելու իրական ճիգ’ հանուն բոլոր երեւանցիների բարեկեցության:

 

Tags: